Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+artashat
A A
Սպորտ

Արտաշատի քաղաքային մարզադաշտում կտեղադրվի աթլետիկայի ժամանակակից վազքուղի. ԿԳՄՍ նախարարություն

Արտաշատի քաղաքային մարզադաշտում մեկնարկում են աթլետիկայի վազքուղու կառուցման աշխատանքները։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ:

 Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը, համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանի հետ նախարարի տեղակալն այցելել է Արտաշատի քաղաքային մարզադաշտ, որտեղ շուտով մեկնարկելու են շինարարական և տարածքի բարեկարգման աշխատանքները:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի համագործակցությամբ մարզադաշտում կառուցվելու են միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի, ցատկային հատվածներ: Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան ընդհանուր 170 հազար դոլար արժողությամբ վազքուղին դեռևս 2011 թվականին տրամադրել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիային, սակայն անցած տարիներին այն այդպես էլ շահագործման չի հանձնվել: Ներկայիս վազքուղին տեղադրվել է 1980-ականներին: Այն կապամոնտաժվի այս ամսվա ավարտին, իսկ մայիսից կմեկնարկեն նորի կառուցման աշխատանքները:

Բացի վազքուղու տեղադրումից, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր հերթին նախատեսում է ներդրումային ծրագրի միջոցով վերանորոգել մարզադաշտի տրիբունաները, խաղադաշտում տեղադրել բարձրակարգ խոտածածկ:

Աշխատանքային այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի և Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանի հետ քննարկել է նաև մարզի սպորտային կյանքին, ենթակառուցվածքների առկա խնդիրների լուծմանը և զարգացմանն առնչվող հարցեր, կարծիքներ փոխանակել ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: