Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+superliga
A A
Սպորտ

Առանց անգլիական ակումբների անհնար է ստեղծել Սուպերլիգա. «Յուվենթուսի» նախագահ

Ֆուտբոլի Եվրոպայի Սուպերլիգայի համահեղինակներից մեկը` իտալական «Յուվենթուսի» նախագահ Անդրեա Անյելին, խոստովանել է, որ Անգլիայի 6 ակումբների հրաժարականից հետո իմաստ չունի անցկացնել նման մրցաշար:

«Անկեղծ ասաց, այժմ հնարավոր չէ իրականացնել այդ պռոյեկտը: Դա արդեն նկատելի է: Սակայն մնում եմ այն կարծիքին, որ Սուպերլիգան հաջողություն կբերի, քանի որ այն բարի նպատակներ ունի», - ասել է Իտալիայի չեմպիոնի ղեկավարը:

Անդրեա Անյելին նաև նշել է, որ պետք է բանակցություններ վարել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հետ, որպեսզի գտնեն ներկայիս բարդ վիճակից դուրս գալու ուղիները: Խնդիրն այն է, որ կորոնավիրուսի պատճառով ակումբները ֆինանսական մեծ կորուստներ են կրում և գնալով ավելանում են պարտքերը: Մասնավորապես` ըստ որոշ աղբյուրների, իսպանական «Բարսելոնայի» պարտքն արդեն մոտենում է 1 մլդ եվրոյին:

Նախապես Սուպերլիգայում խաղալու ցանկություն հայտնած անգլիական 6 ակումբներն այսօր հրաժարվել են այդ գաղափարից: Մասնավորապես` «Լիվերպուլի» սեփականատեր Ջոն Ուիլյամ Հենրին ներողություն է խնդրել ակումբի բոլոր աշխատակիցներից, մարզիչներից, ֆուտբոլիստներից և միլիոնավոր երկրպագուներից, որ իր համաձայնությունն է տվել մասնակցելու Սուպերլիգային:

«Ես բոլորիդ էլ հուսախաբ եմ արել: Սակայն, ես այդ քայլին գնացել եմ միայն ակումբին օգնելու նպատակով: Այժմ շատ կարևոր է, որ «Լիվերպուլի» համերաշխ ընտանիքը մնա անփոփոխ և կենսունակ: Ես ամեն ինչ կանեմ դրան նպաստելու համար», - ասել է ամերիկացի գործարարը:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին եվրոպական 12 ակումբներ հայտարարել էին ֆուտբոլի Եվրոլիգայի ստեղծման մասին, որը պետք է ինքնուրույն անցկացներ իր առաջնությունը: ՈՒԵՖԱ-ն շատ արագ արձագանքեց այդ որոշմանը և կտրուկ որոշումներ կայացրեց: Եվրոպայի ֆուտբոլային միությունը և իր կազմի մեջ մտնող 55 ասոցիացիաները ընդունել են Սուպերլիգայի ստեղծումը քննադատող տեքստ, որտեղ, մասնավորապես ասված է.

«Մենք գիտենք, թե այս ամենի բարոյական հիմքում ինչ է ընկած ու կպաշտպանենք ֆուտբոլը եսասեր կլանից, որը մտահոգված չէ ֆուտբոլի ապագայով։ Մենք եվրոպական ֆուտբոլն ենք, նրանք՝ ոչ»: