Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Ֆեթվաճյանի գծանկարների և Փարաջանովի կինոկադրերի բացառիկ ցուցադրություն՝ պատկերասրահում (տեսանյութ)

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված՝ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Սա – նրանից – հին» խորագրով ցուցահանդես։ Խորագիրը պատահական չէ ընտրված։  Ըստ ավանդության, Սանահին (Սա-նրանից-հին կամ Սա-քան-զնա-հին) է կոչվել Հաղպատից ավելի հին վանքը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում որպես մարդկության ստեղծած բացառիկ արժեքներ ընդգրկված միջնադարյան այս վանական համալիրները կառուցվել են հայկական հոգևոր ճարտարապետության ծաղկման շրջանում և եղել գիտալուսավորչական կարևորագույն կենտրոններ:

Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն իր բացման խոսքում ընդգծեց, որ ցուցադրության հիմքում՝ Արշակ Ֆեթվաճյանի՝ Արևմտյան և Արևելյան Հայաստանում 1900–1919 թթ. շրջագայությունների ընթացքում բացառիկ ճշգրտությամբ ստեղծված՝ հայկական եկեղեցիների ու տաճարների ճարտարապետական մանրամասերի և զարդաքանդակների անկրկնելի մատիտանկար- վավերագրերն են։ Դեռևս անցյալ դարի 20-ականներին Լուվրի Դեկորատիվ արվեստների և Լոնդոնի Վիկտորիա և Ալբերտ թանգարաններում, նաև Բրիտանական Ճարտարապետների արքայական ակադեմիայի ինստիտուտում ցուցադրված ճարտարապետական այս գծանկարները  Հայաստանում ցուցադրվում են  առաջին անգամ։ 

Ներկայացված են նաև Եղիշե Թադևոսյանի, Փանոս Թերլեմեզյանի և այլ նկարիչների գեղանկարչական աշխատանքներ։ 

Ցուցահանդեսում ներկայացված է նաև Փարաջանովի հանրահայտ «Նռան գույնը» ֆիլմի վերջնական տարբերակ չմտած կադրերն ամփոփող եզակի ինստալացիան։

Կազմակերպիչների խոսքով, սա խորհրդանշում է հայկական կերպարվեստի և կինոարվեստի միևնույն ուղերձը կրող երկխոսությունը, այն է՝ մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման, վերարժևորման կարևորագույն խնդիրները,  որը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենները ամրապնդեցին ստորագրելով համագործակցության հուշագիր։