Մեր երկիրն ունի թուրքական էքսպանսիայից պաշտպանվելու բոլոր հնարավորությունները․ Բաբկեն Թունյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում Հայաստանն ունի այդ երկրի էքսպանսիայից պաշտպանվելու բոլոր հնարավորությունները։ Տարբեր մեխանիզմներ կան՝ քվորտավորելուց, տարբեր ոլորտներ պաշտպանելուց մինչև մաքսատուրքեր և այլ միջոցներ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով այն մտահոգություններին, թե սահմանի բացումից հետո Թուրքիան կկլանի Հայաստանի տնտեսությունը։
Հակադարձելով այն հայտարարություններին, թե սահմանների բացման արդյունքում Թուրքիան կկլանի մեր երկրի տնտեսությունը, պատգամավորն ասում է՝ այդ դեպքում ամենաշահագրգիռ կողմը պետք է լինի այդ երկիրը և օր առաջ ապաշրջափակի Հայաստանը։
«Բայց մենք ունենք հակառակ իրականությունը։ Սահմանի բացումը մեզ է ձեռնտու, որովհետև դա միայն հայ-թուրքական սահմանի հարցը չէ, դա ընդհանուր տրանսպորտային ուղիների հարցն է։ Եթե դու խոսում ես Խաղաղության խաչմերուկից, խոսում ես, որ Հայաստանը պետք է դառնա տարանցիկ ուղի, ուրեմն հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք ուղղություններով տրանսպորտային ուղիների խնդիրներ չպետք է լինեն»,- հավելեց Բաբկեն Թունյանը։
Պատգամավորը նաև գտնում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ այդ երկրի կշիռը կմեծանա արդեն ուրիշ երկրների հաշվին։
«Կարող են լինել այլ փոփոխություններ ևս՝ մեզ մոտ լինեն ապրանքներ, որոնք կփոխարինվեն թուրքական ապրանքներով, կարող է լինեն ապրանքներ, որտեղ մենք ավելի մրցունակ ենք ու մենք ենք արտահանելու»,- ասաց Բաբկեն Թունյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։