«Մարդկանց 50%-ը միջին և ծանր սթրեսի ազդեցության տակ է». Արմեն Սողոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴեռևս անցյալ տարի՝ մայիս-հունիս ամիսներին՝ կորոնավիրուսային համավարակի առաջին ալիքի ժամանակ, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի հետազոտություն է իրականացրել ընդհանուր բնակչության հոգեկան առողջության վերաբերյալ։
«Բավականին հետաքրքիր և անհանգստացնող տվյալներ հայտնաբերեցինք։ Մարդկանց 40%-ը գտնվում էր միջին և ծանր սթրեսի ազդեցության տակ, 35%-ի մոտ առկա էր դեպրեսիա, 20%-ի մոտ առկա էր արդեն հոգեմարմնական մեխանիզմներով առաջացած խանգարումներ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր 5-ից մեկի մոտ, ում մոտ առկա էին մարմնական գանգատներ, պատճառը հոգեբանական էր։ Եվ դա այն ժամանակ, երբ չկար պատերազմն ու մեզ համար ոչ ցանկալի ավարտը, դրա համար հիմա վստահաբար կարող ենք փաստել, որ 50%-ը գտնվում են միջին և ծանր սթրեսի ազդեցության տակ», - ասաց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը։
Դեռ մինչև պատերազմն էլ կորոնավիրուսն էր իր հետ մեծ հոգեբանական խնդիրներ բերել, քանի որ այն նոր հիվանդություն էր, որն ուներ նաև մահացության վտանգ, մարդիկ անհանգստանում էին․
«Բացի այդ, քանի որ այն խաթարում է մազանոթային մակարդակով սնուցումը, այդ թվում՝ գլխուղեղի սնուցումը, այդտեղից կարող են առաջանալ տարբեր տեսակի բուն հոգեկան խանգարումներ, որոնց պրովոկացիոն գործոնը կարող է քովիդը լինել»։
Ինչպես ցանկացած մասշտաբային երևույթ, այդ թվում նաև համավարակը, Սողոյանի խոսքով, չափազանց շատ է շահարկվում տարբեր քաղաքական, տնտեսական խմբավորումների կողմից, որոնք մի կողմ են դնում ցանկացած տեսակի բարոյականություն ու սկսում են մարդկանց դժբախտության վրա տարատեսակ քաղաքական և տնտեսական դիվիդենտներ շահել․
«Մեր հետազոտությունը ցույց էր տալիս, որ այն մարդիկ, որոնք տեղեկատվությունը ստանում էին ֆեյսբուքից, ավելի բարձր սթրեսի աստիճան ունեին, քան հեռուստաընկերություններից, հատկապես՝ Հանրային, տեղեկություն ստացող մարդիկ»։
Ներկայումս Հայկական հոգեբուժական ասոցիացիան եւս 7 կազմակերպության հետ աջակցություն է ցուցաբերում՝ պատերազմի հոգեբանական ազդեցությունը նվազեցնելու նպատակով։ Սկզբում հոգեկան առողջության ոլորտի մասնագետներն ու կազմակերպություններն ամեն ինչ անում էին կամավոր։ Սակայն պատերազմից հետո շուրջ 200-ից ավելի կազմակերպություններից մնացին 13-ը և, Արմեն Սողոյանի խոսքով, պատրաստ էին աշխատանքները շարունակել անկախ ֆինանսավորումից․
«Բայց շատ ողջունելի է, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Կառավարությունը որոշեց գումար հատկացնել մարդկանց հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար։ Հոգեբուժական օգնությունը պետական պատվեր է, իսկ հոգեբանական օգնությունը չի կանոնակարգվում։ Սա շատ կարևոր քայլ էր», - ասաց նա։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 16-ին կազմակերպել էր մրցույթ, որի մասնակցել էր նաև իրենց կոնսորցիումը՝ բաղկացած 8 կազմակերպություններից, և հաղթել։ Սողոյանի խոսքով՝ շուտով կսկսվի ծրագրային գործընթացն ու ֆինանսավորումը, սակայն մինչ այդ իրենք շարունակում են աշխատանքը կամավոր սկզբունքով․
«Պետությունը սահմանել էր շահառուների հստակ ցանկ, ներառված են բոլոր կորուստ ունեցողների, անհետ կորածների, գերությունից վերադարձածների ընտանիքի անդամները, բոլոր վիրավորներն ու նրանց ընտանիքի անդամներն ու պատերազմին մասնակցած բոլոր անձինք։ Մոտ 40-50 հազար մարդ կարող է շահառու հանդիսանալ այս ծրագրին», - ասաց նա։