Բացել լրահոսը Փակել լրահոսը
hayk-1055-1
A A
Պաշտոնական

Օր առաջ ընդունել Ընտրական օրենսգրքի, Քրեական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը․ հայտարարություն

2021 թվականի մարտի 9-ին Ազգային ժողովում շրջանառվեց Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների նախագիծը: Ապրիլի 1-ին խորհրդարանն ընդունեց այդ նախագծի մի մասը, որով նախատեսվում է վերացնել «ռեյտինգային» ընտրակարգը և գալիք արտահերթ ընտրություններն անցկացնել սովորական համամասնական ընտրակարգով:

Ողջունելով «ռեյտինգային» ընտրակարգից հրաժարումը և հորդորելով հանրապետության նախագահին օր առաջ ստորագրել նշված օրինագիծը՝ կարևոր ենք համարում ընդգծել ընտրություններից առաջ ընտրական բարեփոխումներն ավարտին հասցնելու անհրաժեշտությունը:

Հատկապես կարևորում ենք Ազգային ժողովի առաջիկա ընտրություններից առաջ փոփոխել ընտրական օրենսդրության հետևյալ հարցերին վերաբերող դրույթները.

  1. Անցողիկ շեմի նվազեցում, որպեսզի ապահովվի ձևավորվելիք խորհրդարանի առավել համամասնականությունը:
  2. Ընտրական գրավի նվազեցում, որպեսզի ընտրություններին կուսակցությունների մասնակցությունն առավել քիչ կապվի վերջիններիս ֆինանսատնտեսական կարողությունների հետ:
  3. Նախընտրական քարոզչության կանոնների հստակեցում ու ժամկետի երկարացում, որպեսզի մրցակցությունը լինի առավել քաղաքական և նվազ ռեսուրսային:
  4. Նախընտրական քարոզչության ֆինանսավորման կարգի հստակեցում ու ապահովում, որպեսզի հնարավորինս կանխարգելվի օլիգարխիկ և օտարերկրյա միջամտությունը նախընտրական քարոզչությանը:
  5. Վարչական ռեսուրսի սահմանում ու չարաշահման արգելում, որպեսզի նվազագույնի հասցվի վարչական ռեսուրսին տիրապետող ուժերի կողմից դրանով պայմանավորված առավելություն ստանալը:

Նշված փոփոխությունների ընդունումը անհրաժեշտ պայման ենք համարում ընտրությունների ժամանակ քաղաքական, ծրագրային ու գաղափարական մրցակցության խթանման համար:

Ըստ այսմ՝ կոչ ենք անում.

  1. Ազգային ժողովին՝ օր առաջ ընդունել Ընտրական օրենսգրքի, Քրեական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը` սահմանելով, որ վերոնշյալ 5 կարգավորումներն ուժի մեջ մտնեն առաջիկա ընտրությունների ժամանակ:
  2. Հանրապետության նախագահին՝ հրապարակավ պարտավորություն ստանձնել առ այն, որ օրենսդրական փաթեթի ստորագրման հարցը կլուծվի այնպիսի ժամկետներում, որ այն ուժի մեջ մտնի նախքան ընտրությունների նշանակումը:

ԱՐԹՈՒՐ ԲԱԼՈՅԱՆ/ «Արդարություն» կուսակցություն

ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցողական կուսակցություն

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն