Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Հայկական պարարվեստը մեծ հնարավորություններ ունի, եթե կարողանա պահպանել իր արմատները. Լուսինե Սարգսյան

 
«Բարեկամություն» պետական համույթի նախկին մենապարուհի, բալետմայստեր և մանկավարժ Լուսինե Սարգսյանը տարիներ շարունակ իր գործունեությամբ առանձնացել է ինչպես բեմում, այնպես էլ կրթական դաշտում։
 
Նա հանդես է եկել ոչ միայն որպես բարձրակարգ բալետի արտիստ, այլև որպես պարի խոր գիտակ՝ իր բազմամյա փորձը, մասնագիտական հմտություններն ու արժեքները փոխանցելով նոր սերնդին։ Նրա մանկավարժական գործունեությունը ձևավորել է բազմաթիվ երիտասարդ պարողների ստեղծագործական մտածողությունն ու բեմական կեցվածքը՝ պահպանելով ազգային պարի ավանդույթները և, միաժամանակ, բաց լինելով ժամանակակից արտահայտչաձևերի հանդեպ։
 
Պարի նկատմամբ սերը նրա կյանքում ծնվել է շատ վաղ տարիքից՝ դառնալով նրա ինքնության անբաժանելի մասը։ Լուսինե Սարգսյանը շուրջ 12 տարի ուսանել է բալետային բաժնում՝ Աննա Մարիկյանի՝ ՀՀ վաստակավոր արտիստի դասարանում՝ ձևավորվելով որպես բեմական կեցվածք ունեցող և տեխնիկապես հմուտ պարուհի։
 
Ավարտական քննության ժամանակ նրան նկատել է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը, ով բարձր գնահատելով երիտասարդ պարուհու ներուժն ու արտիստական մտածողությունը, առաջարկել է միանալ «Բարեկամություն» պետական համույթին։ Այս առաջարկը դարձավ նրա մասնագիտական ուղու կարևորագույն շրջադարձերից մեկը՝ բացելով նոր բեմական հնարավորություններ և ստեղծագործական հորիզոններ։
 
Պարուհու ստեղծագործական ուղին հարուստ է մենապարերով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն պատմությունն ու բեմական ճակատագիրը։ Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Նորայր Մեհրաբյանի «Սիրեցի Յարս տարան» բեմադրությունը, որի խորքում արտահայտված է հայկական հոգի ու ազգային կերպարի ամբողջական ուժը։ Այս գործը դարձել է ոչ միայն բեմական կարևոր ձեռքբերում, այլև զգայական ու գաղափարական ինքնարտահայտման հզոր հարթակ։
 
Կարևոր է ընդգծել նաև, որ Լուսինե Սարգսյանը եղել է «Հերոսական բալադ»-ի առաջին մենապարուհին, ինչը նրա մասնագիտական կայացման ճանապարհին դարձել է շրջադարձային և խորհրդանշական հանգրվան։ Այդ դերակատարումը ոչ միայն բացահայտել է նրա արտիստական ներուժը, այլև ամրապնդել նրա տեղը հայկական պարարվեստում։
 
Ժամանակի ընթացքում ստեղծագործական գործունեությանը զուգահեռ կարևոր տեղ զբաղեցրեց նաև մանկավարժությունը։ Երեխաների հետ աշխատելիս Լուսինե Սարգսյանը հասկացավ, թե ինչ մեծ երջանկություն է փոխանցել այն, ինչ ինքդ ես ստացել։ Նրա համոզմամբ՝ պետք է սովորեցնել ոչ միայն շարժում, այլև մտածողություն, պատասխանատվություն և սեր դեպի պարը։
 
2014 թվականին նա ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ ուսանելով ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Կարապետյանի արվեստանոցում։ 2019 թվականին ավարտել է ինստիտուտը՝ ստանալով պարարվեստի ռեժիսուրայի բակալավրի աստիճան՝ ձևավորելով իր մասնագիտական դիմագիծը նաև որպես բեմադրող։
 
2016-ից աշխատում է Երևանի պարարվեստի պետական քոլեջում՝ որպես դասական պարի ուսուցչուհի՝ համադրելով կատարողական փորձն ու մանկավարժական մոտեցումները։ Իսկ 2019–2021 թվականներին «Բարեկամություն» պետական համույթում զբաղեցրել է բալետմայստերի պաշտոնը՝ շարունակելով իր ստեղծագործական ուղին արդեն նոր պատասխանատվությամբ:
 
Ստեղծագործական առաջին լուրջ փորձը որպես բեմադրող եղավ Պարույր Սևակի «Մարդն ափի մեջ» ստեղծագործությունը, որը 2019-ին յուրահատուկ պարային լուծումներով բեմադրել է «Բարեկամություն» պետական համույթի հետ։ Այն ծնվել էր ներքին ապրումներից ու մտորումներից և դարձել էր կարևոր քայլ՝ ինքն իրեն տեսնելու ոչ միայն որպես պարող, այլև որպես բեմադրող։ Այդ աշխատանքում փորձ է արվել ստեղծել ոչ միայն շարժումների կառուցվածք, այլ ամբողջական պատկեր, տրամադրություն և պատմություն։
 
«Դառնում եմ» բեմադրությունը ևս երկար մտածված աշխատանքի արդյունք է։ Նպատակն էր ստեղծել մի ստեղծագործություն, որը կհամապատասխանի «Բարեկամություն» համույթի ոճին և, միաժամանակ, կունենա անձնական ձեռագիր։ Այստեղ շարժումը ծնվում է ներքին զգացողությունից և զարգանում է գաղափարի մաքրության ու հոգեվիճակի շուրջ։ Կարևոր է, որ հանդիսատեսը ոչ միայն տեսնի, այլև զգա բեմադրությունը։
 
Այսօր Լուսինե Սարգսյանն իրեն տեսնում է որպես արվեստագետ, ով շարունակում է սովորել, ստեղծել և փոխանցել իր փորձը։ Համոզված է, որ հայկական պարարվեստը մեծ հնարավորություններ ունի, եթե կարողանա պահպանել իր արմատները և, միաժամանակ, զարգանալ։
 
Հավելենք՝ Լուսինե Սարգսյանը տարբեր երկրներում մասնակցել է միջազգային  փառատոնների, արժանացել պատվոգրերի և պարգևների, այդ թվում՝ ԿԳՄՍ-ի կողմից։
 
Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան