Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուգանք` էժան վաճառելու համար (տեսանյութ)

Տնտեսություն

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին մտահոգել է ձվի գների իջեցումը:

Հանձնաժողովն այսօր 500.000 դրամի չափով տուգանք սահմանեց ձվի արտադրությամբ զբաղվող 5 ընկերությունների` «Զանգափ» ՍՊԸ-ի, «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի, Լուսակերտ, Արաքս եւ Արզնի թռչնաֆաբրիկաների նկատմամբ:

Պարզվել է, որ ձվերը հունիսին ոչ միայն էժան են վաճառվել, այլեւ ընկերությունների կողմից արտադրված եւ իրացվող հավկիթների վրա, ի թիվս այլ տեղեկատվության, բացակայել է պիտանելիության ժամկետի մասին նշումը, ինչը կարող է որակվել որպես հասարակությանը մոլորեցնելու եւ անբարեխիղճ մրցակցության գործողություն:

«Զանգափ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Մնացականյանը համամիտ չէ Հանձնաժողովի որոշման հետ:

«Հանձնաժողովը երբեք չի նայում, թե տնտեսվարողը ինչքան ձու է արտադրում: Ես 5 հազար ձու եմ արտադրում: Նույն պատիժը նրանց նկատմամբ լինի, նո՞ւյնը` իմ, դա սխալ է: 2300 դրամանոց հավերին, որպեսզի ամեն օր տակ չտամ , ստիպված մորթել եմ եւ վաճառել եմ 250 դրամով Պաշտպանության նախարարությանը, գոնե խիղճս հանգիստ է, որ զինվորներն են կերել»,-«Ա1+»-ին ասաց նա:

Իսկ ահա Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի իրավաբան Խաչիկ Դանիելյանը ձուն էժան գնով վաճառելը մեկնաբանում է հետեւյալ կերպ. «Եթե ձուն չվաճառվի, ստիպված պետք է ոչնչացվի, դա պահպանման ժամկետ ունի: Հիմա ավելի լավ է ոչնչացվի՞, թե՞ էժան գներով ժողովրդին տրվի»:

Նա ելքը տեսնում է հավի քանակի նվազեցումը:

Իրավաբանը հաստատեց, որ իրենց ընկերությունում եղել են ձվի ոչ մակնշման, այսինքն ամսաթվերի չմակնշման դեպքեր, դրա համար գտնում է, որ տուգանքը տեղին էր: