Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Օնիկ Գասպարյանն անձամբ է ինձ տեղյակ պահել Սերժ Սարգսյանի հետ ունեցած զրույցների մասին․ Փաշինյան (տեսանյութ)

Մենք կդիտարկենք ԱԽ նիստի ձայնագրության համապատասխան հատվածը՝ գաղտնազերծելու և հրապարակելու ուղղությամբ։ ԱԺ-ում ԼՀԿ ղեկավար էդմոն Մարուքյանի դիտարկումներին, թե Օնիկ Գասպարյանն այսօր էլ պնդել է, որ ԱԽ սեպտեմբերի 30-ի նիստում խոսել է պատերազմը դադարեցնելու մասին, այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն, ինչ այսօր ես մեջբերեցի, կարող եք համարել բառացի մեջբերում ԱԽ երկու նիստերում տեղի ունեցած ելույթներից, դրանք գաղտնի փաստաթղթերով արձանագրված են, և իմ ասածները ապացուցելի են»։

Փաշինյանը  նաև հայտնեց, որ Օնիկ Գասպարյանն անձամբ է իրեն տեղյակ պահել Սերժ Սարգսյանի հետ ունեցած զրույցների մասին․

«Ես գիտեմ, որ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին Օնիկ Գասպարյանը ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից, ես գիտեմ, որ Օնիկ Գասպարյանը պետական հեղաշրջաման փորձի շրջանում հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ, այդ հանդիպումը եղել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից դուրս գալուց հետո։ 

Փաշինյանը Մարուքյանին ասաց՝ հենց վաղը կհրավիրվի Կառավարություն կամ ԱԽ գրասենյակ և կծանոթանա բոլոր գաղտնի փաստաթղթերին։

Փաշինյանն ասաց՝  մինչ հիմա չի խոսել այդ մասին, որովհետև չի ուզել ի ցույց դնել որոշ գեներալների վախկոտությունը, կամ տպավորություն ստեղծել, որ պատասխանատվությունից խուսափում է։

Հիշեցնենք՝ այսօր Այսօր Ազգային ժողովի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի` նոյեմբերի 17-ի հայտարարությունը, թե անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի, այնուհետև Օնիկ Գասպարյանը վերահաստատել է իր հայտարարությունը։