Խոշոր հարկատուները համարյա նույնն են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայռուսգազարդը» այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի ամենախոշոր հարկատուն է: Նա պետական բյուջե է վճարել 10 039 մլն դրամ հարկ` գրավելով Հայաստանի 300 խոշոր հարկատուների առաջին հորիզոնականը: Այս մասին այսօր հայտնել է Պետեկամուտների կոմիտեն: 2010թ. առաջին կիսամյակի Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում առաջին հինգ տեղերում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե փոփոխություններ չեն եղել:
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը, որը մի քանի անգամ տուգանվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից անբարեխիղճ մրցակցության պատճառով, այսօր խոշոր հարկատուներից երկրորդն է: Այն վճարել է 8,5 մլրդ դրամ հարկ: Երրորդ եւ չորրորդ տեղերում գրեթե աննշան տարբերությամբ զբաղեցրել են բջջային օպերատորներ «Արմենտել» եւ «Ղ-Տելեկոմ» ընկերությունները:
Առաջինը բյուջե է մուտքագրել 7 279 մլն, իսկ երկրորդը` 7 270 մլն դրամ: Ցանկում հինգերորդը վառելիք ներկրող «Ֆլեշ» ընկերությունն է, որի ընդհանուր հարկային մուծումները կազմել են 5 485 մլն դրամ:
Խոշոր հարկատուների տասնյակում են «Սիթի պետրոլ գրուպը»` 4,7մլրդ դրամ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»`4,2 մլրդ դրամ, Հայաստանի էլեկտրական ցանցերը` 3,2 մլրդ դրամ, «Վիդիս դիսթրիբյուշնը»`3,1 մլրդ դրամ, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը»`3,1 մլրդ դրամ: