Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փչացավ, կանգնեց, հիմա սարքում են» (տեսանյութ)

Տնտեսություն

«Տնտեսական զարգացումները գնում են այն սցենարով, որ նախատեսում էր Հայաստանի կառավարությունը, եւ համաշխարհային շուկայում մեծ անակնկալների բացակայության պարագայում, հնարավոր կլինի ապահովել տնտեսական զարգացում»,-այսօր հայտարարեց ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Նա փաստեց, թե ճգնաժամն ավարտվել է եւ այսօր թեւակոխում ենք կայունացման եւ զարգացման փուլ: Ըստ նախարարի, բոլոր հիմքերը կան վերադառնալու մինչճգնաժամային իրավիճակին: Իսկ մակրոտնտեսական կայունության ապահովման եւ տնտեսության զարգացման գործում կառավարությունն ակնկալում է Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությունը:

Այսօր Երեւանում տեղի ունեցավ «Հայաստանի տնտեսական քաղաքականությունը. հետագա ուղին» թեմայով քննարկում, որի կազմակերպիչները Արժույթի միջազգային հիմնադրամն ու Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբն (AIPRG) էին:

ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան խոստացավ, որ կաջակցեն Հայաստանին, քանի որ պարտքի մարման ռիսկեր չեն տեսնում: Տոլոսան ԱՄՀ-ն բնութագրեց որպես փրկարար ջոկատ, իսկ Հայաստանին որպես «մայրուղի դուրս եկած ավտոմեքենայի, որն 2003-08 թ.թ. ընթանում էր շատ արագ, սակայն ընկավ փոթորկի մեջ, սայթաքեց ու փչացավ»:

Ըստ նրա` կառավարությունը եւ ԿԲ-ն շատ արագ արձագանքեցին եւ կարողացան մեքենան սարքին վիճակի հասցնել, որին օգնեց նաեւ ԱՄՀ-ն։ Հիմա, ըստ ԱՄՀ ներկայացուցչի`Հայաստանը դուրս է եկել փոթորկալի տարածքից ու մայրուղով ընթանում է դեպի տնտեսական զարգացում։ Նա այդ մեքենայի անիվները համեմատեց մակրոտնտեսական կայունության, իսկ շարժիչը՝ միկրոտնտեսական քաղաքականության հետ։ Ահա հենց այս շարժիչն էլ առաջարկվում է ամբողջովին փոխել։

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի արձագանքը հետեւյալն էր. «Եթե խորհրդային «Ժիգուլին» քշես եվրոպական եւ ամերիկյան մայրուղիներով, նույնքան արագ շարքից դուրս կգա, ինչպես եթե «Մերսեդեսը» քշես հայկական ճանապարհներով։ Երկուսն էլ նույն կյանքը ունեն. Եւ երբ շարժիչը փոխելու մասին է խոսք գնում, այդ հարցի պատասխանը կարող ենք տալ միայն մենք, որովհետեւ բազմաթիվ ուսումնասիրություններ են արվում»։

«Լավ շարժիչով լավ մեքենա լավ ճանապարհների վրա»,-Հայաստանի տնտեսական ապագան այսպես է պատկերացնում էկոնոմիկայի նախարարը:

Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի կարծիքով, այսօր պետք է փոխել մեր տնտեսության կառուցվածքը եւ շեշտադրումներ արվեն ինդուստրիալ քաղաքականության վրա: Սա նշանակում է` նոր գաղափարների վրա հիմնված արտադրության ստեղծում եւ արտահանում, ենթակառուցվածքների նորացում, ճանապարհների եվրոպական չափանիշներին համապատասխանեցում, նորարարությունների, խոշոր ներդրումների ներգրավում:

Հարմարվում ենք անարդարություններին


Տնտեսական իրավիճակի իրական գնահատականներ եւ տնտեսվարողներին հուզող խնդիրներ հնչեցրեց «Սինոփսիս» ընկերության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Նա հիշեցրեց, որ այսօր արտահանման ծավալները 4 անգամ փոքր են ներմուծման ծավալներից, ինչը մտահոգիչ է: Ըստ նրա, այսօր հիմնական խոչընդոտը անարդար մրցակցությունն է, երբ մի շարք ընկերություններ, որոնք գործում են օրենքի դաշտում դառնում են անմրցունակ այն կազմակերպությունների հետ, որոնք օրենքի խախտումով են գործում: Զարգացման լուրջ խոչընդոտ է նաեւ վարկավորման բարձր տոկոսադրույքը: Մուսայելյանը նաեւ անդրադարձավ մեր ազգային առանձնահատկություններին. օրինակ, հայերը շատ շուտ հարմարվում են, ադապտացվում են դրսի պայմաններին, սա մի կողմից շատ լավ է, մյուս կողմից վատ, որովհետեւ նույնքան հեշտ հարմարվում են ստեղծված իրավիճակին անարդարություններին:

Պարոն Մուսայելյանի ելույթը մտահոգեց ներկաներին, եւ անգամ ֆինանսների նախարարը խոստովանեց, որ նա ստիպեց իրենց մտածել: