Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Հացահատի՞կ, թե՞ անասնակեր. անասնապահությունը չի գոհացնում ազատանցիներին (տեսանյութ)

Ազատան համայնքում անասնապահությամբ զբաղվող տնտեսությունները լուրջ խնդիրների առաջ են կանգնել: Ձմռան ընթացքում կենդանիներին կերակրելու համար զգալի գումար են ծախսել, բարձր գնով անասնակեր են ձեռք բերել, ինչը գյուղացիների գրպանին զգալի վնաս է հասցրել: Անհրաժեշտ քանակությամբ անասնակեր պաշարելու համար գյուղում համապատասխան պայմաններ չկան:

Արոտավայրերի քանակությունը խիստ սահմանափակ է. եղածն էլ հացահատիկի մշակման համար է բավարարում: Կերի ու արոտավայրերի խնդրից զատ, անասնապահությամբ զբաղվող տնտեսություններին ստացվող մթերքի վաճառքի գինը չի գոհացնում: Հիմնականում կաթի ու մսի մթերման գնից են դժգոհում: Ասում են՝ նման պայմաններում անասնապահությունը դառնում է ոչ եկամտաբեր աշխատանք:

Ազատանում եղած անասնագլխաքանակի պահպանման ու մի շարք վտանգավոր հիվադություններից ապահովագրելու համար պատվաստումներ են իրականացվում: Վերջին տարիներին պատվաստումների հաշվին գյուղում անասունների անկման դեպքեր չեն գրանցվել: Խոշոր եղջերավորների գլխաքանակի բազմացման ու անասնապահությունը առավել եկամտաբեր դարձնելու համար Ազատանում փորձեցին նաեւ բարձր մթերատվությամբ անասուններ ներկրել, սակայն այս փորձն էլ չարդարացվեց:

Գյուղացիները անասունների կորուստներ ունեցան:Դրսից բերված մթերատու անասունները չհարմարվեցին մարզի կլիմայական խիստ պայմաններին: Միակ լուծումը մնում է տեղական ցեղատեսակների բուծումն ու անասնագլխաքանակի ավելացումը:

 

Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում