Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Վարչական դատարանը հրաժարվեց ճանաչել «Ա1+»-ի խախտված իրավունքները (տեսանյութ)

Վարչական դատարանը դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ մերժեց «Ա1+»-ի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության և ՀՌՀ-ի։

Այսպիսով՝ չճանաչվեց «Ա1+»-ի`18 տարի առաջ  խախտված իրավունքները։

Գրեթե  մեկ տարի տևած դատաքննության ընթացքում Կառավարությունը  որևէ դիրքորոշում կամ առարկություն այդպես էլ  չարտահայտեց։ Դատական նիստերին ներկայություն չապահովեց, մինչդեռ օրենքով սահմանված կարգով Կառավարությունը պարտավոր էր առնվազն հայցադիմումի պատասխան ներկայացնել

Վճռի հրապարակումից հետո «Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ  Դավիթ Ասատրյանը նշեց՝ ակնկալում էին, որ այս դատական գործով կհաղթեր ավելի քան  15 տարի սպասված արդարադատությունը

«Մենք կարծում էինք, որ պետք էր, որ դրական որոշում կայացվեր»։

Ասատրյանը դատարանի անկախության հետ կապված կասկածներ չհայտնեց, բայց պնդեց՝ դրական որոշում կայացնելու համար դատարանին բավարար փաստեր և ապացույցներ ներկայացրել են

«Մենք ներկայացրել ենք ավելի քան 60 փաստաթուղթ ապացույցներ,  իսկ պատասխանող կողմը որևէ ապացույց, փաստաթուղթ չի նկերկայացրել, այդ թվում՝ չի ներկայացրել վարչական  վարույթի նյութերը, այսինքն՝ այս դատավարությունը իրականացվել է միակողմանի, հայցադիմումի պատասխան ևս չի ներկայացվել, որը կարող էր ընդունվել որպես հայցի ընդունում»։

Հիշեցնենք՝ «Ա1+»-ը պահանջում էր առոչինչ  ճանաչել   2003թ-ի 7 մրցույթների որոշումները, որոնք Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը կայացրել էր՝ հեռարձակման լիցենզիա տրամադրելու համար։ Դրանցից ոչ մեկի արդյունքում «Ա1+»-ն արտոնագիր չէր ստացել։  «Ա1+»-ը  մրցույթներում պարտվող է ճանաչվել և զրկվել է եթերից խտրականության արդյունքում,- պնդում է հայցվորը։

Ընկերությունը  հասել էր ընդհուպ Մարդու իրավունքների  Եվրոպական դատարան, որը դեռևս 2008թ-ին  արձանագրել է՝ խախտվել է կարծիք արտահայտելու ազատությունը։