Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Կոմանդոսը մի ցանկություն ուներ, որ բանակը լինի մարտունակ, երկիրը՝ հաղթանակած․ նախարար (տեսանյութ)

Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը բանակին նվիրված մարդ էր։ Այս մասին այսօր Արկադի Տեր-Թադեւոսյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ կարճ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Նաև պատմեց՝ Կոմանդոսին ճանաչում էր ավելի քան 30 տարի.

«Նա աշխատել է իմ եղբոր հետ ռազմական կաֆեդրայում, դրանից հետո մենք հանդիպել ենք եւ միասին ծառայել ենք, երբ ես նշանակվեցի Պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, իսկ ինքը այդ կոմիտեում զբաղեցնում էր համապատասխան պաշտոն։ Ամենադժվար պահին, երբ Ղարաբաղի բանակը ձեւավորվում էր, ռազմաքաղաքական իրավիճակը շատ բարդ էր, Պաշտպանության կոմիտեն որոշեց նրան ուղարկել Ղարաբաղ, նա մեկնեց ամենադժվար պահին։ Նա մի կողմից սկսեց մասնակցել մարտական գործողություններին, մյուս կողմից ձեւավորում էր բանակը։ Դրանից հետո, երբ ես 1999 թվականին նշանակվեցի Պաշտպանության նախարար, նա իմ մոտ աշխատում էր հատուկ հանձնարարությունների գեներալ, այդտեղ էլ մենք միասին աշխատել ենք։ Իմ կապերը նրա հետ շատ սերտ էին, ես իրեն շատ լավ ճանաչում եմ, գնահատում եմ նրա ներդրումը եւ ամենակարեւորը, որ նա մեծ ներդրում ունի Ղարաբաղի բանակի կայացման եւ սկզբնական փուլում մարտական այդ գործողություններին։ Նա այդ վիճակում կարողացավ գնահատել վիճակը ճիշտ եւ գտնել լուծումներ»։

Նախարարը հավելեց․ Կոմանդոսը մի ցանկություն ուներ' մեր բանակը տեսնել մարտունակ, իսկ պետությունը՝ հաղթանակած.

«Երբ մենք սկսում էինք շարժումը, ունեինք Ղարաբաղ, որը շրջափակման մեջ էր, ունեինք ավելի քիչ նյութական ռեսուրս, ռազմական ռեսուրս, Ադրբեջանը միշտ ունեցել է 25 անգամ ավելի շատ զինամթերք, 3-4 անգամ ավելի տանկ։ Ավիացիա է ունեցել 60, մենք ունեցել ենք՝ 0. բայց մենք կարողացել ենք հաղթանակ ապահովել։ Հիմա մենք ունենք ավելի լավ վիճակ, քան ունեցել ենք 1998 թվականին, մենք պիտի լինենք միասնական, ունենանք կամք, ձգտում դեպի հաղթանակ, դրա արդյունքում պիտի ունենանք տնտեսություն ու մարտունակ բանակ,-ասաց նախարարը։

Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցադրումներին ի պատասխան նախարարը կոչ արեց այս օրը չքննարկել այն թեմաները, որոնք չեն միավորում ազգը։