Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

...եթե ոչ, ապա մեզ սպասում են նոր պատիժներ. Վարդան Պետրոսյան  (տեսանյութ)

Վարդան Պետրոսյանի «Մեր հոգսերի գարունը» խորագրով ցուցահանդես-ներկայացումը, որը կազմակերպել է «Սարգիս Մուրադյան» պատկերասրահը, նկարիչ-դերասանի յուրովի փորձն է այցելուների հետ միասին նկարները դիտելով, նրանց հետ ներկայի ու անցյալի հիշողություններով ու պատմություններով կիսվելով ու այս ամենը երգերով համեմելով, փորձել խոսել այս ծանր իրավիճակում վաղվա օրվա համար ելք փնտրելու, ապագայի հանդեպ հավատի մասին: 

«Սա նկարների ցուցադրություն չէ, սա երկխոսություն է նկարների շուրջ: Սա առիթ է, որ ես խոսեմ մարդկանց հետ այսօրվա մեր դարդերից, մեր ցավերից», - ասում է Վարդանը:

Նրա խոսքով, ցուցահանդեսի մտահղացումը շատ ավելի վաղ էր ծնվել: Նկարները վաղուց պատրաստ էին, սակայն իրադարձություններն այնպես դասավորվեցին, որ չստացվեց իրագործել: Պատերազմ, հետո կորուստի ու անորոշության օրեր… Հիմա որոշեցին, որ ճիշտ պահն է, որ շատ ակտուալ է:

Գաղափարական բովանդակությամբ ցուցահանդեսը պայմանականորեն բաժանված է երեք մասի՝ «Գարուն», «Գարունա ա, ձուն ա արել» և «Գողգոթա»: Գարունն այն ժամանակահատվածն էր, երբ նրա պատանեկության ու երիտասարդ կյանքում կար սեր, սիրահարվածություն, կարմիր ու կապույտ գույներ, երբ նա ու իր ընկերները փորձում էին տեսնել իրենց ֆրանսիական իմպրեսիոնիստների դերում, ապրում էին իրենց երազանքների մեջ և փորձում ստեղծել իրենց պատրանքների բոհեմը: Հետո գալիս է կյանքի երկրորդ փուլը, երբ վառ գույներին փոխարինում է ձյունը, երբ մարդը հասկանում է, որ կյանքը միայն երազանքներ չեն, որ կյանքը տառապանքների, հոգսերի շղթա է նաև: Հոգեբանական ծանր մի անդունդ, նոր կերպարներ, նոր դեմքեր, կոտրտված մարմիններ ու չռված աչքեր, նոր իրականություն, փնտրտուկներ: Եվ երրորդ ժամանակահատվածը, երբ հեղինակը այդ անդունդից դուրս է  գալիս հավատի շնորհիվ:

Ինչպիսի ելք եք տեսնում հարցին, Վարդան Պետրոսյանը պատասխանում է. «Ես հաճախ էի գալիս այս պատկերասահ ու տեսնում, թե ինչպես կամավոր կանայք վերմակ-դոշակ էին կարում: Լուռ, անձայն կարում էին: Տղամարդիկ իրենց պատե-պատ էին տալիս, փորձում էին կուսակցություններ բացել, միտինգներ անել, կուսակցություններ ստեղծել, ջարդել-փշրել, հակառակվել, «էս մոլորակը բերել, էն մոլորակը տանել»: Եվ մենք տեսանք, որ տղամարդիկ ոչնչի չհասան, իսկ կանայք իրենց հազարավոր վերմակ-դոշակները կարեցին: Ես այստեղ եմ նաև ելքը տեսնում: Ելքը ապրելու մեջ է: Երբ գալիս է մի պահ, որ ապրելու սիրտ չունես, թվում է ապրելու ուժ չունես, բայց այնքան կամք ունես ու գիտակցություն, որ հասկանում ես, որ ապրելը՝ դա պարտականություն է, ինչպես ապրում էին այս պատկերասրահի կամավոր կանայք:  Ինձ օգնում է հավատը: Ես կարծում եմ, որ այն դժվար կացությունը, որի մեջ մենք ընկած ենք, դա առիթ է մեզ համար, որ մենք այլ կերպ կարողանանք ապրել: Կկարողանանք օգտվել դրանից, կկարողանանք վերարժեվորել, կկարողանանք ուրիշ ընթացք վերցնել, շատ բան կփոխվի մեր կյանքում, եթե ոչ, ապա մեզ սպասում են նոր պատիժներ»: