«Տրամաբանություն չկա, հաշվարկ չկա» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿոնգրեսի հիմնադիր անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գտնում է, որ այն կուտակային միջոցները, որ 40 տարվա ընթացքում հավաքվելու են կենսաթոշակային հիմնադրամում, պետք է ծառայեն հայրենիքին, ենթակառուցվածների վերանորոգմանն ու կառուցմանը: Այնինչ, 350-400 մլն դոլար բնակչության կուտակային ավանդները, նաեւ 400 մլն դոլար պետության գումարը, որ ուղղվելու է կենսաթոշակային հիմնադրամին` մոտ 800 մլն դոլար գումարով պետությունը գնելու է արտասահմանյան արժեթղթեր եւ դրանք պահելու է «դրսում», որ տարիներ հետո բերի եւ թոշակ բաժանի, այն դեպքում, երբ կարելի էր այդ գումարը ծառայեցնել ներքին խնդիրների լուծմանը: Հրանտ Բագրատյանի կարծիքով, կենսաթոշակային հիմնադրամը ամենաշահութաբեր բանկն է դառնալու եւ ծառայելու է կոնկրետ օլիգարխի:
«Ա1+»-ի հարցին, թե որքանով է տրամաբանական 800 մլն դոլարը դրսում արժեթղթերի տեսքով «քնեցնելն» այն դեպքում, երբ օրերս հերթական 40 մլն դոլար վարկը թեկուզեւ ցածր տոկոսադրույքով կառավարությունը վերցրեց Համաշխարհային բանկից: Այս հանգամանքը Հրանտ Բագրատյանն անտրամաբանական է համարում.
«Մենք փողը վերցնում ենք, արժեթուղթ ենք գնում, իբր կայուն` 2,3,4 տոկոս, ու գնում ենք այսպիսի վարկեր վերցնելու ճանապարհով: Ծրագիր կա` ամեն տարի 1-1,5 մլրդ դոլարի լրացուցիչ վարկ ավելացնել. բացարձակապես տրամաբանություն չկա, հաշվարկ չկա, մոտեցում չկա, վերլուծություն չկա, բարի կամք չկա, լավ բան անելու կամք չկա: Ամեն նման որոշման տեղը մի նոր չար դուրս է գալիս»:
ՀՀ նախկին վարչապետը նկատեց նաեւ, որ անգամ ԿԲ-ի պահուստներն են դրսում պահվում. «Դա վատ է, վատ է, որ չենք զարգանում ընդհանրապես»:
Իսկ ի՞նչն է խանգարում զարգացմանը. օրերս Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ արտագաղթի եւ չզարգանալու պատճառը Արցախի չլուծված խնդիրն ու հայ-թուրքական չկարգավորված հարաբերություններն են: «Ա1+»-ը Հրանտ Բագրատյանից հարցրեց` ավելի շատ երկրից արտագաղթել են ստատուս քվոյի պահպանման, թե սոցիալական անարդարության եւ կլանային-օլիգարխիկ համակարգի պատճառով:
Բագրատյանը նկատեց, որ հավասարապես եւ Ղարաբաղի հարցի պատճառով, եւ սոցիալական անարդարության եւ եթե 1993 թվականին հիմնականում հեռանում էին պատերազմի պատճառով, որովհետեւ մեծ էր զոհվելու վտանգը, ապա հետպատերազմյան շրջանում նույնքան մարդ հեռացել է սոցիալական վիճակի պատճառով:
«Ասում էին, Հայաստանում 12 տոկոս տնտեսական աճ կա, երբ Ռուսաստանում 4-5 տոկոս աճ էր արձանագրվում, բայց չգիտես ինչու ոչ թե Ռուսաստանից էին Հայաստան գալիս, այլ Հայաստանից էին գնում ՌԴ աշխատելու»,- ասաց Բագրատյանը: Բայց միշտ, ըստ տնտեսագետի, արտագաղթի պատճառների մեջ հիմնականներից է պատերազմի վտանգը:
Վիճակագրական տվյալների համաձայն, պատերազմից առաջ եւ հետո հեռացել է նույնքան` մոտ 250 000-ական մարդ: