Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գոհար
A A
Մշակույթ

«Արշալույս»՝ նոր արշալույսի հույսով․ տեղի կունենա Գոհար Հովհաննիսյանի մենահամերգը

Ապրիլի 7-ին՝ ժամը 20:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Գոհար Հովհաննիսյանի մենահամերգը:

«ԱՐՇԱԼՈՒՅՍ» կոչվող մենահամերգի ուղերձն այն է, որ մեր երկրի վրա էլ արշալույս կբացվի, իսկ խորագիրն է՝ «Եկեք միասին մեծարենք հերոսածին մայրերին»:

Պատերազմի ժամանակ և դրանից հետո յուրաքանչյուր հայ իր հնարավորության սահմաններում ինչ-որ բան արեց զինվորների և նրանց հարազատների համար: Համերգի կազմակերպիչները նշում են, որ նաև հոգեբարոյական աջակցությունն է հիմա շատ կարևոր:

«Հավաքվել է լավ թիմ՝ համերգի ռեժիսոր Արթուր Սահակյան, նկարահանման ռեժիսոր Արամ Շահբազյան, և ցանկություն ունենք զոհված հայորդիների մայրերի համար  համերգային երեկո ներկայացնել: Դահլիճի 70 %-ի հրավիրատոմսերը տրամադրվելու են հերոսածին մայրերին. գիտակցելով, հասկանալով նրանց սուգը՝ մենք ցանկանում ենք մեկ օր մշակույթի միջոցով, Գոհար Հովհաննիսյանի ազգային երգերի միջոցով մեծարենք նրանց: Ֆինանսական աջակցությունները շատ կարևոր են, բայց հերոսածին մայրերն արժանի են նաև շնորհակալության»,-նշում է համերգի պրոդյուսեր Խաչիկ Յեղոյանը:

Հանդիսատեսը կարող է տոմսեր ձեռք բերել և մասնակիցը դառնալ  իրենց կյանքը տված հերոս տղերքի մայրերի մեծարման հրաշալի համերգին, որի ժամանակ Գոհար Հովհաննիսյանը կներկայանա իր ազգագրական, ժողովդական և ռազմահայրենասիրական երգերով: