«Ա1+»-ի գործով դատարանը մտավ խորհրդակցական սենյակ․Կառավարությունն այդպես էլ դիրքորոշում չարտահայտեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրդյո՞ք Վարչական դատարանը կճանաչի «Ա1+»-ի` 18 տարի առաջ խախտված իրավունքները՝ պարզ կլինի ապրիլի 6-ին։ «Ա1+»-ը պահանջում է առոչինչ ճանաչել 2003թ․-ի 7 մրցույթների վերաբերյալ ՀՌՀ որոշումները, որոնցից ոչ մեկի արդյունքում «Ա1+»-ն արտոնագիր չէր ստացել։
Հայցով պատասխանողները ՀՀ կառավարությունն ու Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն են։
Գրեթե մեկ տարի տևած դատաքննության ընթացքում Կառավարությունը որևէ դիրքորոշում կամ առարկություն այդպես էլ չի արտահայտել։ Դատական նիստերին ներկայություն չի ապահովել, մինչդեռ օրենքով սահմանված կարգով Կառավարությունը պարտավոր էր առնվազն հայցադիմումի պատասխան ներկայացնել․
«Տեղի ունեցած երեք լիարժեք դատական նիստերի ընթացքում մենք այդ հարցը բարձրաձայնել ենք, որ Կառավարությունն է այն մարմինը, ում մեր կողմից ներկայացրած հայցադիմումով վերագրվում է ապօրինություն, ՀՌՀ-ն զուտ կատարողն է եղել, իսկ ճնշումները եղել են Կառավարությունից»,-ասում է «Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ Դավիթ Ասատրյանը։
Դատական վերջին նիստից առաջ Կառավարությունը դատարան է ներկայացրել միջնորդություն՝ իրեն դատավարական կազմից հանելու վերաբերյալ, քանի որ համարում է, որ այս գործով ինքը պատասխանող կողմ չէ։
Դատարանը չքննեց Կառավարության կողմից ներկայացված այս միջնորդությունը, քանի որ այն ներկայացվել էր խախտումով։
«Ա1+»-ի շահերի ներկայացուցիչը կառավարության այս քայլերը առնվազն անտրամաբանական է համարում․
«Եթե կառավարությունը գտնում էր, որ պատշաճ պատասխանող չէ, դա չեն անում մեկ տարի հետ, անում են, երբ հայցադիմումի օրինակը ստանում են, երկրորդ՝ օրենքը ասում է՝ հայցվորն է ընտրում պատասխանողին, իրենց ենթադրությունները իրավական հիմք չունեն»։
Հարցն ունի նաև բարոյական կողմ, պնդում է Դավիթ Ասատրյանը։ Կառավարությունը տոտալ լռություն է պահպանել այն պայմաններում, երբ «Ա1+»-ի ներկայացուցիչները բազմաթիվ նամակներ են հղել կառավարությանը, խնդրել կատարել իրենց պարտականությունները․
Գործով մյուս պատասխանողը ՀՌՀ-ն է, որի ղեկավարը՝ Տիգրան Հակոբյանը 2020 թվականի հունիսի 3-ին Ազգային ժողովում իր ելույթում արձանագրել էր, որ նախկինում Օրենսդրորեն լինելով անկախ՝ Հանձնաժողովը ոչ ֆորմալ ղեկավարվել է այլ կաբինետներից.
Ըստ փաստաբանի՝ Հակոբյանի այս հայտարարությունը ևս մեկ ազդակ էր, որ հեղափոխությունից հետո ձևավորված նոր կառավարությունն այս գործով պետք է արտահայտեր իր դիրքորոշումը․
«Դատական նիստի ընթացքում ՀՌՀ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ սա քաղաքական հայտարարություն է և իրավական լինել չի կարող»,-ասում է Ասատրյանը։
Դատական վերջին նիստերին ՀՌՀ-ի ներկայացուցիչներն էլ չեն մասնակցել։
Դատարանին ավելի քան 50 փաստեր ու ապացույցներ են ներկայացվել առ այն, որ «Ա1+»-ը եթերազրկվել է քաղաքական հիմքով, մինչդեռ ՀՌՀ-ն և Կառավարությունը որևէ փաստ կամ ապացույց չեն ներկայացրել հակառակի մասին։
Հիշեցնենք, որ դեռևս 2008թ-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է՝ խախտվել է «Ա1+» -ի՝ կարծիք արտահայտելու ազատությունը։