Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Քովիդի պայմաններում գիտելիքի կորուստը 60%-ի էր հասել»․ հետազոտության արդյունքները (տեսանյութ)

Կրթության փորձագետները նոր նախագիծ են մշակել՝ օգնելու կրտսեր դպրոցականներին, նրանց ուսուցիչներին և ծնողներին հաղթահարելու համար հեռավար կրթության հոգեբանական ազդեցությունը։

«Covid-19․ հեռավար կրթության հոգեբանական ազդեցությունը կրտսեր դպրոցականների, նրանց ծնողների և ուսուցիչների վրա» խորագրված հետազոտությունը, Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանի խոսքով, երկու հիմնական նպատակ ունի՝ մեծացնել քաղաքացիական հասարակության առաքելությունը, որ պիտի օգնի պետական ռազմավարությանը մասնավորապես ճգնաժամային իրավիճակներում, երբ կրթությունն ամենակարևոր ոլորտն է։ Եվ երկրորդը, ծրագիրն իր փուլերով նպատակ ունի օգնելու, աջակցելու մասնագետներին և ծնողներին՝ բարելավելու իրավիճակը, կարգավորելու սթրեսը․

«Մենք մտածեցինք, որ նախ պետք է կարիքները գնահատել, հասկանալ խնդիրները, հետո միայն աջակցություն տրամադրել։ Վերցրինք ուսուցիչների, ծնողների համայնքը, և մասնավորապես տարրական դասարանների երեխաներին։ Ծրագրի ընթացքում նաև հարցազրույցներ են արվել ընտանիքների հետ՝ նրանց խնդիրներն էլ հասկանալու համար», - ասաց Լուսինե Սիմոնյանը։

Հայաստանի  դպրոցներից 121-ն են ընտրվել, ասաց ծրագրի համակարգող Արմենուհի Բուրմանյանը, յուրաքանչյուր դպրոցից՝ առավելագույնը 3 ուսուցիչ՝ պատահականության սկզբունքով։ 366 ուսուցիչներ մասնակցել են հետազոտությանն ու առցանց պատասխանել հարցաթերթին։

«Ուսուցիչների կեսը պատասխանել էր, որ Քովիդով պայմանավորված առցանց կրթության անցնելը հոգեբանական մեծ ազդեցություն էր ունեցել։ Շատերի մոտ էլ առաջացել էին սոցիալական և ֆինանսական խնդիրներ։ Ամեն 4-րդ ուսուցիչ էլ տեխնիկայի հետ կապված խնդիրներ է ունեցել», - ասաց նա։

Բացի դրանից, ուսուցիչները ստիպված են եղել կրկնակի ժամանակ ծախսել այն գործերի վրա, որոնք օֆլայն ուսուցման պայմաններում ավելի կարճ ժամկետներում են արել․

«66%-ը նշել է, որ ավելի շատ ժամանակ է պահանջվել աշակերտների հետ հաղորդակցվելու համար, տնային առաջադրանքները ստուգելու համար 77%-ն ասել է, որ ավելի շատ ժամանակ են ծախսել։ Եվ խնդիրներից գլխավորն էլ աշակերտների պասիվությունն էր», - ասաց ծրագրի համակարգողը։

Իրավիճակը սթրեսային էր բոլորի համար և հատկապես երեխաների,  ասաց մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյանը, այդ փոփոխությունները առաջինը հենց իրենք են կրել։ Տարրական դասարանների շատ երեխաների համար անսովոր էր կրթության այդ տարբերակը, նրանք դեռ ամբողջությամբ չէին կարող ընկալել՝ ինչպես այլևս չէին տեսնելու իրենց ուսուցիչն իրականում, ինչու չեն գնալու դպրոց․

«Շատ երեխաներ նշում էին, որ դասարանում ուսուցիչը արագ էր նկատում իրենց անորոշությունը, դասը չհասկանալու խնդիրը և փորձում էր ուղղել։ Երեխաները նաև կարոտում էին միմյանց հետ շփումը, որովհետև բացի կրթությունից, դպրոցը տալիս է նաև սոցիալական շփման հնարավորություն», - ասաց նա։

Հեռավար կրթության ժամանակ երեխաների մոտ, այսպես ասած, սովորած նյութի կորուստ է արձանագրվել։

«Դա հիմնականում նկատվում է, երբ երեխաները հետ են գալիս ամառային արձակուրդից։ Նորմալ է, երբ նախորդ տարվա իրենց ուսումնասիրած նյութի 30%-ը կորում է։ Քովիդի պայմաններում գիտելիքի այդ կորուստը 60%-ի էր հասել», - ասաց նա։

Նախագծի շրջանակում իրազեկման նյութեր են լինելու երեք թիրախային խմբերի՝ ծնողների երեխաների և ուսուցիչների համար, ասաց ծրագրի համակարգող Արմենուհի Բուրմանյանը։ Երեխաների և ծնողների համար կրթական տարբեր խաղեր են պատրաստվում, որոնք կօգնեն լրացնել բաց թողածը։ Ուսուցիչների համար ուղեցույց է մշակվել՝ հեռավար ուսուցման պայմաններում երեխաների և ծնողների հետ աշխատելու առանձնահատկությունների մասին։ Այդ նյութերը շուտով հասանելի կլինեն։