Բացել լրահոսը Փակել լրահոսը
528304_900
A A
Մշակույթ

Ենգիբարովն այսօր նորից կասեր՝ մի նեղացրեք մարդուն (տեսանյութ)

Այսօր  մնջախաղի վարպետ Լեոնիդ Ենգիբարովի ծննդյան օրն է, հանճարի, որն աստղային անձրեւ նվիրեց իր հանդիսատեսին։ 

Բազմաթիվ մասնագիտություններ փոխելուց հետո նա 22 տարեկանում  դարձավ արտիստ եւ ընդամենը 15 տարում  գծեց  աստղային  մի հետագիծ, որի յուրաքանչյուր կետը միաժամանակ եւ տխուր, եւ ուրախ հեքիաթ է՝ մարդու մասին, մարդու համար եւ մարդուն սիրելով։

 Կրկեսում նա ստեղծեց բյուրեղյա աշխարհ, որը նրա պարգեւած զգացումների շնորհիվ այնքան ամուր է, որ չի կոտրվում  արտիստի  մահից 49  տարի անց անգամ։

Հիացմունքի ժպիտներ, երջանկության արցունքներ, իրականությունից կտրվելու պահեր պարգեւած արտիստն այսօր կդառնար 86   տարեկան, բայց ընդմիշտ մնաց 37 տարեկան։ Նա հեռացավ աշխարհից՝ այդպես էլ  չընկալելով, ինչու են  նախանձում իրեն եւ  վատ վարվում իր հետ, երբ ինքը սեր է  տալիս ու մաքրություն։

Լեոնիդ Ենգիբարովի այս տարվա ծննդյան օրն առավել քան արդիական են նրա տողերը․ « Հենց այնպես  մի նեղացրեք մարդուն, որովհետև դա շատ վտանգավոր է: Իսկ գուցե նա Մոցա՞րտ է: Դուք նրան կնեղացնեք ու նա ընդհանրապես ոչինչ չի գրի… ու աշխարհում կպակասեն երաժշտությունը, պայծառ զգացմունքներն ու մտքերը, իսկ սա նշանակում է, որ կպակասեն լավ մարդիկ։ ․․․Իհարկե, մեկ ուրիշին կարելի եւ նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու․․․Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի․․․Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։  Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ»։

 

Տեսանյութը՝   «Ա1+»-ի արխիվից