«Եթե ես լինեի Օնիկ Գասպարյանի փոխարեն, միանգամից կձերբակալեի Նիկոլ Փաշինյանին»․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Օնիկ Գասպարյանին հեռացնելու ամենավճռական քայլը կատարեց ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ Սահմանադրական դատարան չդիմելով։ Հետագա բոլոր գործողությունների համար նա կրում է պատասխանատվություն», - Բաղրամյան պողոտայում լրագրողներին ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Նա չի բացառում, որ նախագահի վրա ճնշումներ եղել են, բայց եթե երկրի նախագահը պետք է ճնշումներին ենթարկվելով՝ որոշում ընդունի, ո՞ւմ է պետք այդ նախագահը
Նա նշեց, որ նախագահի հետ վերջին հանդիպումից նա մտածում էր, որ Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից հեռացնելու որոշումը կուղարկի Սահմանադրական դատարան, սակայն զարմացավ, երբ նախագահն այդպես չվարվեց․
«Բայց նրան ճանաչողներն ինձ ասում էին՝ իզուր ես զարմանում»։
Վազգեն Մանուկյանի խոսքով՝ բանակը չհայտարարեց, որ գործողություններ է անելու, միայն ասաց, որ Հայաստանի անվտանգության համար սպառնալիք է Նիկոլ Փաշինյանը և դա սկսվեց ընկալվել որպես Օնիկ Գասպարյանի թելադրանքը բանակին։
«Ընդդիմությունն ունի մեկ նպատակ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բանակի դիրքորոշումը բարենպաստ է դրա համար և այն մնացել է։ Փաշինյանին թվում էր՝ եթե հանի Օնիկ Գասպարյանին, ամեն ինչ լավ կլինի, բայց բանակը հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը վտանգավոր է Հայաստանի հանրապետության համար», - ասաց Վազգեն Մանուկյանը։
Հնարավո՞ր է՝ այս դեպքերից հետո նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականն էլ առաջ քաշվի, Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ դա երկրորդական հարց է և այս պահին ոչ մի հարց լուծել չի կարող․
«Այս դժբախտության մեջ մենք մտել ենք Նիկոլ Փաշինյանի պատճառով։ Նրան ծառայող շատ մարդ կա, հիմա մեկ նախագահ ավել, մեկ նախագահ պակաս, բան չի փոխում», - ասաց Վազգեն Մանուկյանը։
Վազգեն Մանուկյանը երեկ նաև հայտարարել էր, որ փակեն Ազգային ժողովի բոլոր մուտքերը և պատգամավորներին թույլ չտան ներս մտնել։ Լրագրողները շեշտեցին, որ, ամեն դեպքում, այսօր ԱԺ-ն շարունակում էր իր աշխատանքը․
«Ազգային ժողովը շատ ծակուծուկ ունի, ծակերից մեկը մնացել էր։ Մենք պետք է փորձենք փակել նաև այն մուտքը, որով մտել են պատգամավորները», - ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ լինել չեն կարող։
«Նիկոլ Փաշինյանի օրոք արտահերթ ընտրություններն անհեթեթություն եմ համարում։ Ես անձամբ ոչ մի դեպքում չեմ համաձայնի ընտրություններին։ Դա կնշանակի՝ ինքը մարսեց այն, ինչ մինչև հիմա արել է։ Եթե ես լինեի Օնիկ Գասպարյանի փոխարեն, միանգամից կձերբակալեի Նիկոլ Փաշինյանին», - ասաց Վազգեն Մանուկյանը։