Դիպուկահար Ռաշիդը
Աջակցիր «Ա1+»-ին44-օրյա պայքարից հետո դիպուկահար Ռաշիդ Սեդրակյանին ու նրա ընկերոջը հրադադարի ստորագրումից մի օր առաջ` նոյեմբերի 8-ի գիշերը գտավ թշնամու անօդաչու թռչող սարքն ու հավերժ կապեց այն հողին, որը պաշտպանում էին:
19-ամյա Ռաշիդը Գառնի գյուղից էր, մեծ քույրը` Ռիտան պատմում է` մի անգամ եղբայրը, գյուղի զինվորական պանթեոնի կողքով անցնելիս, ասել է. «Սովորական մարդը, երբ մահանում է, ասում են` ողորմի, իսկ այս տղաներին ասում են` փառք: Ինչքան ուժեղ են եղել տղաները, որ արժանացել են փառքի»:
Ու ինքն էլ գնաց այդ փառքի հետևից:
Մինչև զինծառայության մեկնելը Երևանի N4 արհեստագործական ուսումնարան էր ընդունվել ու «Ավտոմեքենաների վերանորոգման փականագործի» որակավորում ստացել: Ավարտելուց հետո էլ միանգամից աշխատանքի էր անցել մասնագիտությամբ։
«Ծնողներս երկրում չէին, ինքն էլ արդեն 17 տարեկան էր, բայց հայրս թույլ չէր տալիս աշխատել: Թաքուն էր աշխատում, մեզ էլ ասում էր` հանկարծ պապային չասեք, ձեռքիցս չեք պրծնի: Տան այգին էր մշակում մեր ու շատ էր ուրախանում, երբ պտուղ ու արդյունք էր տալիս իր աշխատանքը», - պատմում է քույրը` Ռիտան:
Ռաշիդը տան փոքրն էր` երկու քույրերի միակ եղբայրը: Ռիտան ասում է` շատ կապված էին երեքով ու քույերով անընդհատ վախենում էին նրա համար.
«Բակի խաղերում անգամ ուշադիր էինք լինում, որ հանկարծ չընկնի, իրեն չվնասի: Մամաս երբեմն ասում էր` պետք չի այդքան վախենալ, տղա ա, պիտի խաղա, բայց մենք երևի ինչ-որ բան զգում էինք, որ անընդհատ վախենում էինք: Պատերազմի ժամանակ էլ` առաջին օրից մինչև վերջին օրը վախն անսահաման շատ էր»:
Փոքրուց տարբերվում էր հասակակիցներից թե՛ մտածելակերպով, թե՛ պահվածքով, ասում է քույրը: Խելացի, հանգիստ ու հավասարակշռված Ռաշիդը հոգ էր տանում բոլորի մասին, անհանգստանում էր բոլորի համար: Մարդկանց պարզությունն ու երեխաներին էր սիրում, ասում էր` երանի երեխաներին, որ ոչ մի սխալ չեն արել.
«Ես երկու երեխա ունեմ ու երբեք չէր թողնում, որ տխրեն: Նոր տարվան Ձմեռ պապիկի կերպարով պարտադիր գալիս էր` նրանց ուրախացնելու», - պատմում է Ռիտան:
Ծառայության շատ ոգևորված էր մեկնել ու հենց սկզբից կրակային պատրաստության ընթացքում էր աչքի ընկել, միանգամից առաջարկել էին դիպուկահար դառնալ ու ինքն էլ հպարտությամբ ընդունել էր: Արցախում` Մարտունիում էր ծառայում: Պատերազմի հենց սկզբից էլ ամենաթեժ կետերում է եղել.
«Նոյեմբերի 2-ին վիրավորվել էր` կողային վնասվածք էր ստացել: Բայց անգամ այդ ծանր վիրավորումից հետո չէր իջել դիրքերից ու ընկերներին չէր թողել: Վերքն, իրոք, բավականին մեծ էր, որովհետև զոհվելուց հետո, երբ տեսանք, վերքը կարծես նոր ստացած լիներ: Իսկ ծնողներիս ասել էր` թեթև քերծվածք է, ոչ մի լուրջ բան չկա, չվախենաք», - պատմում է Ռիտան:
Ռաշիդի մասին պատմելիս ծառայակից ընկերներն ամեն ինչի պատրաստ զինվորի ու ընկերոջ են նկարագրում: Ռիտան ասում է` պատմել են, որ պատերազմի ընթացքում իրենց ծառակայից ընկերները շրջափակման մեջ են եղել, Ռաշիդը, Արամն ու իրենց ընկերներից ևս մեկը հասել են մինչև թշնամիների մոտ ու շրջափակումից դուրս են բերել ընկերներին:
Իր նպատակների մասին երբեք չէր խոսում ու ապացուցում էր միշտ գործով, ասում է քույրը.
«Չէր սիրում գլուխ գովել, ասել` էս եմ անելու, էն եմ անելու: Մեկ մեծ նպատակ ուներ, որի մասին գիտեինք: Ծնողներս Մոսկվայում էին աշխատում, ասում էին` գնաս ծառայության, գաս, քեզ էլ ենք տանելու: Ասում էր` չէ, ես չեմ գալու ու ամեն ինչ անելու եմ, որ դուք գաք, հասնեք Հայաստան: Ու ի վերջո նպատակն իրականացավ, ծնողներիս Հայաստան բերեց, բայց, ցավոք, ինքը չտեսավ»: