Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հոլանդը փրկում է «Բորուսիային», Ռոնալդուն դուրս է թողնում իր թիմին. չեմպիոնների լիգա

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին պատասխան խաղերն անցան անչափ հետաքրքիր պայքարում:

Իտալիայի չեմպիոն «Յուվենթուսը» սեփական դաշտում ընդունեց Պորտուգալիայի չեմպիոն «Պորտուին», որին զիջել էր առաջին խաղում 1:2 հաշվով: Հյուրերը շատ հաջող սկսեցին հանդիպումը և առաջին խաղակեսում 11մ հարված վաստակեցին, որը վստահ իրացրեց Օլիվեյրան: Ընդմիջումից հետո իտալացի Կիեզան նախ հավասարեցրեց հաշիվը, ապա առաջ մղեց իր թիմին: Այդ ժամանակ հյուրերն արդեն մնացել էին 10 խաղացողով, քանի որ երկրորդ դեղին քարտով դաշտից հեռացվել էր իրանցի հարձակվող Տարեմին: Սակայն «Յուվենթուսին» չհաջողվեց օգտագործել թվային առավելությունը և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Առաջին 15 րոպեներին ավելի ակտիվ էին պորտուգալացիները, սակայն նրանց չհաջողվեց գոլ խփել: Լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսն անցավ տանտերերի առավելությամբ, բայց նրանք առաջինը գոլ բաց թողեցին: 115-րդ րոպեին Օլիվեյրան տուգանային հարվածով անակնկալի բերեց թուրինցիների դարպասապահին, քանի որ «Յուվենթուսի» հարձակվող Ռոնալդուն կենդանի պատի մեջ վախից շրջվեց, և գնդակը նրա ոտքերի արանքով հայտնվեց դարպասի ցանցում: Ճիշտ է, երկու րոպե անց Ռաբիոն երրորդ անգամ գրավեց «Պորտուի» դարպասը և հույս ներշնչեց թիմի երկրպագուներին, սակայն դաշտի տերերին ավելին անել չհաջողվեց՝ 3:2: Երկու խաղերի արդյունքով քառորդ եզրափակիչ մտան պորտուգալացիները, իսկ Ռոնալդուն ու նրա թիմակիցները ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից:

Օրվա երկրորդ խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական դաշտում ընդունել էր իսպանական «Սևիլյային», որին հաղթել էր առաջին խաղում 3:2 հաշվով: Հյուրերը շատ ակտիվ սկսեցին հանդիպումը և անընդհատ ճնշում էին գործադրում դաշտի տերերի պաշտպանների վրա: Դորտմունդցիները օգտվելով մրցակցի կիսադաշտում ստեղծված ազատ տարածություններից, մի քանի սուր հակագրոհներ ձեռնարկեցին: Արդյունքում, նորվեգացի հարձակվող Հոլանդը 35-րդ րոպեին գրավեց «Սևիլյայի» դարպասը, իսկ 54-ին վաստակեց 11մ հարվածի իրավունք, ինչն էլ վստահ իրացրեց:

Հյուրերն ամբողջ թիմով նետվեցին առաջ և պարզապես պաշարեցին տանտերերի տուգանային հրապարակը: Նրանք 12 հարված կատարեցին դորտմունդցիների դարպասին, որոնցից միայն երկուսն հասավ նպատակին: Էն-Նեսերին նախ իրացրեց 11մ հարվածը, իսկ ավելացված ժամանակում հավասարեցրեց հաշիվը՝ 2:2: Այդպիսով, Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում տարած հաղթանակի շնորհիվ մտավ քառորդ եզրափակիչ:

Այսօր տեղի կունենան ևս երկու պատասխան խաղեր: Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» կհյուրընկալի գերմանական «ՌԲ Լայպցիգին», իսկ Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ն՝ իսպանական «Բարսելոնային»: