Բացել լրահոսը Փակել լրահոսը
f0b01b56
A A
Պաշտոնական

Որպես հուշ պահում է զոհված հերոսի խաչը՝ նրա հարազատներին փոխանցելու ակնկալիքով

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ԵՊԲՀ օրդինատորը որպես հուշ պահում է զոհված հերոսի խաչը՝ նրա հարազատներին փոխանցելու ակնկալիքով։


Պատերազմի ժամանակ բժշկական մայր բուհի կլինիկական օրդինատոր Վահրամ Գաբրիելյանը աննահանջ պայքարել է վիրավոր զինծառայողների կյանքի փրկության համար:

Նա սովորում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկական անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայի երկրորդ կուրսում:
Միաժամանակ, աշխատում է «Շտապբուժօգնություն» ծառայությունում և «Նորք ինֆեկցիոն» հիվանդանոցում՝ որպես հերթապահ բժիշկ: Նա ղեկավարել է նաև Քովիդ-19-ի դեմ պայքարի համար «Նորք ինֆեկցիոն» բուժկենտրոնում ստեղծված Մոդուլային բաժանմունքը:

Պատերազմի առաջին օրից «Շտապբուժօգնություն» ծառայությունը ներգրավվել է վիրավորներին բժշկական օգնություն ցուցաբերելու աշխատանքին: Վահրամ Գաբրիելյանը շտապօգնության ավտոմեքենաներով Արցախից Հայաստան վիրավորներին տեղափոխող բժիշկներից է:

«Պատահում էր, որ անընդհատ հրետակոծությունների ու հրթիռակոծությունների պատճառով չէինք կարողանում դուրս գալ, մեկ-երկու օր մնում էինք Ստեփանակերտում: Շտապօգնության ռեանիմացիոն բրիգադի հետ գնացել եմ ծայրահեղ ծանր վիրավորներին տեղափոխելու»,-նշում է Վահրամ Գաբրիելյանը՝ ավելացնելով, որ դեղերի, բուժսարքավորումների կարիք չեն ունեցել:

«Ռազմաճակատ գնացել էինք մեծ գիտակցումով՝ փրկելու հայրենիքի համար առողջությունը վտանգած զինծառայողներին»,-ընդգծում է ԵՊԲՀ սովորողը:

Ամենատպավորիչ ու հուզիչ դրվագներից մեկը Վահրամ Գաբրիելյանի համար եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող, ծանր վիրավոր զինվորի տեղափոխումը Երևան:

«Ցավոք, հնարավոր չեղավ փրկել նրա ոտքերը, երկու ոտքն էլ անդամահատվեց»,- հիշում է Վահրամը:

Պատերազմից հետո նա հետաքրքվել է և գիտի, որ զինծառայողը ապաքինվում է: Շուտով նրան կպրոթեզավորեն և ոտքի կկանգնի:

Վահրամ Գաբրիելյանը ցավով ևս մեկ դեպք է մտաբերում: Մաշկային ծածկույթի 100 տոկոս այրվածքով զինծառայողին, որի կյանքը փրկել, ցավոք, չհաջողվեց.

«Նա Երևան տեղափոխվեց ուղղաթիռով: Պարանոցին փայտե խաչ կար, որն ինձ մոտ է մնացել: Երկար եմ փնտրել՝ գտնելու նրա ընտանիքին, որ փոխանցեմ հերոս որդուց մնացած վերջին հուշը, անունն Արարատ էր»,- ասում է ապագա անեսթեզիոլոգ- ռեանիմատոլոգը:
Զոհված զինծառայողի մասին Վահրամ Գաբրիելյանը այլ տվյալներ չունի, բայց շարունակում է փնտրել նրա ընտանիքին:

«Մենք բուժօգնություն էինք ցուցաբերում վիրավոր տղաների, որոնք ցանկանում էին բժշկական միջամտությունից հետո կրկին վերադառնալ առաջնագիծ»,- ասում է Վահրամ Գաբրիելյանը:

Կլինիկական օրդինատորը ակնածանքով է խոսում նաև Արցախի երեք հերոսի մասին, որոնց ևս շտապօգնության մեքենայով տեղափոխել է Երևան:

«Մի անգամ տեղեկացա, որ առաջնագծին մոտ՝ Հադրութում, բժշկի կարիք կա: Շատ էի ցանկանում գնալ, բայց չէի կարող թողնել շտապօգնության բրիգադին: Ստեփանակերտի վրա ուժգին ռմբակոծություններից մեկի ժամանակ մենք էլ էինք այնտեղ: 3-րդ օրն էր՝ չէինք կարողանում դուրս գալ: Որոշեցինք անտեսել հրետակոծությունն ու մի կերպ դուրս բերել վիրավորներին: Բարեբախտաբար, անվնաս հասցրինք մայրաքաղաք»,-պատմում է նա:
Վահրամ Գաբրիելյանի խոսքով՝ դեպքեր են եղել, երբ թշնամին թիրախավորել է շտապօգնության մեքենան: Հակառակորդի անօդաչու թռչող սարքը երկար հետապնդել է բուժանձնակազմին: Այդ ընթացքում դուրս թռանք մեքենայից: Բարեբախտաբար, հայ զինծառայողները խոցեցին ԱԹՍ-ն:

«Դրանից հետո երկնքին նայելով էինք գնում- գալիս: Բոլորս դարձել էինք զինվորական բժիշկ: Իզուր չէ, որ պատերազմի օրերին Արցախ մեկնած բժիշկներին սկսեցին կոչել «սպիտակ բանակ»: Եթե Աստված մի արասցե, կարիք լինի, պատրաստ եմ կրկին մեկնել: Միշտ ընկերներիս էլ եմ ասել՝ բժշկի մասնագիտությունն ընտրել ենք այսօրվա համար: Կարևոր չէ՝ ինչ պայմաններում կհայտնվենք, ինչ զենքով մեզ կթիրախավորի հակառակորդը, եթե կարիքը կա, պետք է այնտեղ լինենք վերևից իջնող հրեշտակի նման, որովհետև այդ լույսը դու ես զինվորի համար. ամեն վայրկյան առաջնագծում կռիվ տվող զինվորը կարող է բժշկի կարիք ունենա»,- եզրափակում է պատերազմի մասնակիցը»: