Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_20210303_140116
A A
Հասարակություն

Ավտոմեքենային մոտենալով՝ այսօր հնարավոր է 15 րոպեում անվճար հետազոտություն անցնել

«Մի՛ գուշակի, եղի՛ր տեղեկացված կարգավիճակիդ մասին» հանրային միջոցառումն արդեն գրեթե 7 տարի մարդկանց հնարավորություն է տալիս հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի, ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ անցնել։

Հետազոտություններն անցկացվում են հատուկ «Գազոն» ավտոմեքենայում՝ Երևանի փողոցներում և Հայաստանի տարբեր մարզերում։ Այս տարի այն կազմակերպվել էր առաջին անգամ։

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակից Լիլիթ Դավթյանն «Ա1+»-ին հայտնեց, որ հետազոտության համար վերցնում են արյան նմուշ և 15-20 րոպեի ընթացքում մարդիկ ստանում են  պատասխանը։

«Եթե մարդու մոտ, օրինակ, հայտնաբերվում է ՄԻԱՎ, մենք նրան ուղղորդում ենք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն՝ հետագա հետազոտություններն անցնելու, բուժում ստանալու համար։ Հեպատիտ Բ-ի և Ց-ի դեպքում ուղարկում ենք Նորքի ինֆեկցիոն, իսկ սիֆիլիսի դեպքում արդեն ուղղորդվում է մաշկավեներաբանի մոտ։ Այսինքն, այստեղ դիագնոզ չի տրվում, միայն հայտնաբերվում է և մարդը ուղղորդվում է համապատասխան բուժհիմնարկ», - ասաց Լիլիթ Դավթյանը։

Նրա խոսքով՝ սովորաբար միջոցառման համար ընտրվում են մարդաշատ տարածքներ՝ փորձելով տեղեկացնել և խրախուսել մարդկանց՝ հետազոտվելու համար․

«Երբ կազմակերպվել էր առաջին անգամ, մարդկանց համար դժվար էր գալ, հետազոտվել, բայց տարին տարվա վրա իրազեկումը հիվանդությունների մասին մեծացել է, մարդիկ ավելի տեղեկացված են։ Առաջ, երբ ասում էինք՝ ՄԻԱՎ պետք է հետազոտենք, խուսափում էին՝ վախի, ամաչելու տենդենց կար, բայց հիմա ավելի հեշտ են գալիս։ Նաև գիտակցությունն է բարձրացել այն տեսանկյունից, որ հասկանում են՝ որքան շուտ հայտնաբերվեն հիվանդությունները, այնքան բուժման հավանականությունը մեծ է», - ասաց Լիլիթ Դավթյանը։

Միջոցառումը կազմակերպվում է Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի կողմից՝ ՄԱԿ-ի «ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի» աջակցությամբ, ՌԴ օգնության ծրագրի շրջանակներում։

Այսօր մինչև ժամը 19։00-ն հնարավոր է մոտենալ Երևանի Տիգրան Մեծի և Խանջյան փողոցների խաչմերուկին հարող տարածք՝ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի հարեւանությամբ գտնվող  կայանատեղի և անցնել անվճար հետազոտությունը։

Միջոցառումներն իրականացվում են մոտավորապես մեկ ամսվա դադարներով։ Տեղեկանալ դրանց մասին հնարավոր է Ինֆեկցիոն հետազոտությունների ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջից։