Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻՊ
A A
Պաշտոնական Հասարակություն

Ինչ է արձանագրվել Խարբերդի մանկատանը

Համակարգային խնդիրներ Խարբերդի մանկատանը. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի չհայտարարված այցի արդյունքները
➖➖➖➖➖➖➖
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի դեկտեմբերին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները մանրամասն վերլուծվել, ամփոփվել և լուծումների առաջարկներով ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։
Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝
◼ հաստատության իրավասու անձնակազմը նշել է, որ զսպման միջոցների կիրառման մատյաններ չեն վարվում, քանի որ զսպման միջոցներ հաստատությունում գործնական չեն կիրառվում: Այս փաստարկը չի կարող ընդունելի լինել: Նախ` Պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում արձանագրվել է հատուկ միջոցի կիրառում: Դրանից բացի, հաստատությունը, լինելով հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն, պարտավոր է յուրաքանչյուր դեպքով ապահովել զսպման միջոցների կիրառման համար օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները, այդ թվում՝ մատյանների վարումը: Ուստի, գործընթացի վերահսկողության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով անհրաժեշտ է ներդնել և պատշաճ կերպով վարել զսպման միջոցների կիրառման մատյաններ, ինչպես նաև մեթոդական ուղեցույցներ.
◼ փակ կարանտինային ռեժիմի պատճառով նեղ մասնագիտական ծառայությունների (օրինակ` հոգեբան, լոգոպեդ և այլն) մատուցումն էականորեն նվազել է, ինչը բացասաբար է անդրադարձել սաների առողջական վիճակի վրա: Մինչդեռ, անձնակազմի վկայությամբ, որոշ սաների հոգեկան և ֆիզիկական առողջության արձանագրված դրական դինամիկան հնարավոր է եղել տարիների ընթացքում կանոնավոր և հետևողական իրականացված աշխատանքի արդյունքում: Ուստի, անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ կանոններ հաստատությունում նեղ մասնագիտական ծառայությունների մատուցման ընթացքի կանոնավոր և անխոչընդոտ ապահովման համար.
◼ երաշխավորվում դրանց իրական և անհատականացված լինելը, քանի որ բացակայում են համապատասխան մասնագետների համար նախատեսված ուղեցույցներ կամ այլ կարգավորումներ: Միայն այս դեպքում հնարավոր կլինի յուրաքանչյուր սանի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում՝ բացահայտելով նրա զարգացման հնարավորությունները և իրական կարիքները.
◼ սաների խմբերի ձևավորման համար բացակայում են նվազագույն չափորոշիչներ և մեթոդական ուղեցույց: Օրինակ՝ ըստ անձնակազմի՝ որևէ սանի այս կամ այն խմբում ընդգրկվելու համար էական է այն, թե կոնկրետ խմբում աշխատող դայակը կկարողանա կամ պատրաստ է հոգալ տվյալ սանի անձնական հիգիենան, թե ոչ: Արդյունքում, սաների խմբերը գործնականում ձևավորվում են հիմնականում սաների առօրյա խնամքն առավել դյուրին կազմակերպելու մոտեցմամբ, այլ ոչ յուրաքանչյուր սանի զարգացման հնարավորությունները բացահայտելու և դրանց իրացմանը նպաստելու նկատառումներով: Նշված չափորոշիչների և դրանց կիրառման մեթոդաբանության բացակայությունը դժվարացնում է նաև հաստատության տնօրինության աշխատանքը.
◼ բացակայում են չափահաս սաների զբաղվածության ապահովման նպատակային ծրագրեր, ինչի հետևանքով հաստատությունում կազմակերպվող մասնագիտական հմտությունների զարգացման դասընթացները չեն ապահովում սաների ինքնուրույն կյանքի հմտությունների ձեռք բերումը:
Ուստի, անհրաժեշտ է մշակել և ներդնել այնպիսի ծրագրեր, որոնք իրական հնարավորություններ կստեղծեն սաների անկախ և ինքնուրույն կյանքի իրավունքի իրացման համար: Սաների զբաղվածության խնդիրն այցի ընթացքում բարձրաձայնվել է նաև չափահաս սաների, հաստատության աշխատակիցների և տնօրենի կողմից.
◼ որոշ խմբասենյակներ գերծանրաբեռնված են, իսկ ննջարանների և խաղասենյակների առկա բաժանումը ոչ միշտ է ապահովում սաների հանգստի, ինքնուրույն և մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքների իրացման իրական հնարավորություն.
◼ չափահաս և անչափահաս սաները բնակվում են նույն խմբասենյակներում՝ միասին, ինչպես նաև ննջարաններն առանձնացված չեն՝ ըստ սաների սեռի: Վերջինս հատկապես անընդունելի է՝ հաշվի առնելով, այն, որ խնամքի, այդ թվում՝ երեխայի խնամք և իրավունքների պաշտպանություն իրականացնող հաստատություններում արական և իգական սեռի սաների շուրջօրյա համակեցությունը նույն սենյակում չի ապահովում նրանց կենսակերպին և կենցաղին բնորոշ կարիքները՝ պայմանավորված սաների տարիքային, վարքագծային և ֆիզիոլոգիական առանձնահատկություններով:
Առավել ևս պետք է հաշվի առնել, որ, օրինակ, մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի տեսանկյունից անչափահաս իգական սեռի սանը չի կարող գիշերել արական սեռի չափահաս անձի հետ նույն ննջասենյակում կամ օգտվել նույն սանհանգույցից:
◼ սաների հետ աշխատող մասնագետների, այդ թվում՝ դայակների, դաստիարակների քանակը բավարար չեն աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար, ինչը բացասական է անդրադառնում թե՛ սաների, թե՛ աշխատակիցների իրավունքների երաշխավորման վրա.
◼ հաստատության աշխատակիցների վարձատրությունը չի համապատասխանում նրանց կողմից իրականացվող և պահանջվող աշխատանքի ծավալներին: Այս խնդիրը և փոխկապակցված այլ հարցերն ուսումնասիրվել են Պաշտպանի աշխատակազմում, մշակվել առաջարկներ և ուղարկվել պետական իրավասու մարմնին:
Նշված խնդիրները բնույթով համակարգային են, տարիների ընթացքում կուտակված և պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման արդյունք են: Առկա խնդիրներն էլ լուծվում են առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճությամբ: Մինչդեռ, պետությունը պարտավոր է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք լիարժեք կերաշխավորեն հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքները հավասարապես։ Նման պահանջն էլ ավելի հրատապ է այն դեպքերում, երբ խոսքը պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների իրացման երաշխավորման մասին է:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում արձանագրել նաև դրական զարգացումները, մասնավորապես՝
◼ սաների համար իրականացվում է հիպոթերապիայի ծրագիր (բուժական ձիավարության միջոցով վերականգնողական մեթոդ), ինչը կարևոր ազդեցություն է ունենում սաների հոգեկան առողջության, շարժողական իմպուլսների զարգացման տեսանկյունից.
◼ սաներին աջակցող միջոցների, սայլակների տեխնիկական խնդիրները լուծվում են նաև արտաքին ֆինանսական միջոցներ ներգրավելու, իսկ որոշ դեպքերում՝ անգամ աշխատակիցների միջոցներով: Բացասական է այն, որ այս նպատակով հանրային միջոցների հատկացման գործընթացն արդյունավետ չէ.
◼ հաստատության սաները մասնակցում են տարբեր խմբակների, օրինակ, ստեղծագործական, արհեստագործական և այլն, ինչպես նաև մասնագիտական հմտությունների դասընթացների, որոնց համար անհրաժեշտ պարագաները, նյութերը հիմնականում ապահովվում են հաստատության կողմից իրականացվող մասնավոր կամ միջազգային համագործակցային ծրագրերի միջոցով.
◼ չնայած պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցների սղությանը՝ սաների խնամքի և հաստատության սանիտարահիգիենիկ բավարար վիճակն ապահովելու համար անհրաժեշտ հիգիենիկ պարագաների և միջոցների չբավարարող քանակը ձեռք է բերվում բարերարների, մասնավոր կազմակերպությունների հետ հաստատության համագործակցության արդյունքում: