Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի պաշտոնում ընտրվելու համար քննարկվեց Արսեն Մկրտչյանի թեկնածությունը (տեսանյութ)

«Արսեն Մկրտչյանը բազմափորձ դատավոր է եւ վայելում է գործընկերների հարգանքը դատական իշխանությունում»,-ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանի կենսագրական տվյալները եւ մասնագիտական որակները խորհրդարանին ներկայացնելիս:

Ի պատասխան պատգամավորների հարցադրումներին նոյեմբերի 15-ին իր հնչեցրած հայտարարության վերաբերյալ` Ռուբեն Վարդազարյանն ասաց. «Դա ԲԴԽ նախագահի հայտարարությունն է, կոչն է եւ համաձայնեցված չի ԲԴԽ անդամների հետ»:

Մինչդեռ Նիկոլայ Բաղդասարյանը պնդեց՝ ԲԴԽ նախագահն իրավունք չունի ԲԴԽ-ի անունից անձնական կարծիք ներկայացնելու, վերջինս պետական պաշտոնյա է, ԲԴԽ-ն կոլեգիալ մարմին է: «Դուք ձեր լիազորությունները չարաշահել եք»,-ընդգծեց պատգամավորը:

Այդ հայտարարությունը վնասել է մեր երկրի անվտանգությանը եւ ներքին կայունությանը. նման կարծիք հայտնեց Անդրանիկ Քոչարյանը: Նա կոչ արեց Վարդազարյանին հեռու պահել դատական համակարգը երկրի կայունությանը վնասող ազդեցություններից: Ի պատասխան՝ նշվեց. «Ես կհետեւեմ ձեր կոչին եւ ջանք չեմ խնայի դատական համակարգը հեռու պահելու քաղաքական որեւէ ազդեցությունից»:

Դատական իշխանությունում տեղի ունեցող դրական եւ բացասական գործոններին անդրադարձավ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը:

«Դատական իշխանությունում ունենք սերունդների բավականին լավ ներկայացվածություն, ազատ, խորագետ միտք, բայց չունենք արդար դատարանի հանրային լայն ընկալում: Ունենք սահմանադրական արդարադատություն, պատճառաբանված դատական ակտեր, սակայն հանրությունն արդարադատության վերջնական սպասում ունի ՄԻԵԴ-ից: Ունենք դրական ելակետային հենքեր արդարադատության որակի տեսանկյունից եւ բացասական՝ հանրային ընկալման տեսանկյունից»,-ասաց թեկնածուն: 

Հարցի քննարկումը կշարունակվի խորհրդարանի վաղվա նիստում: