Բացել լրահոսը Փակել լրահոսը
1044648
A A
Հասարակություն

Շատ լավ կլինի, եթե Լևոն Արոնյանը վերանայի իր որոշումը. ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում է, որ չկա որևէ պաշտոնական պարտավորություն, որ նախարարությունը չի իրականացրել շախմատիստ Լևոն Արոնյանի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Արոնյանի՝ Հայաստանից հեռանալու մասին հայտարարությանը:

«Դա սպորտսմենի իրավունքն է, որոշել է, գնում է: Շատ ցավում եմ, որ Արոնյանը նման որոշում է կայացրել: Շատ բարձր եմ գնահատում իր շախմատային նվաճումները, մենք բոլորս հպարտացել ենք նվաճումներով: Նա ներկայացրել է Հայաստանը»,-ասաց Դումանյանը:

Նա նշեց՝ զարմացած է, որ լավ շախմատիստը նման որոշում է կայացրել: «Ուրախ կլինեմ, որ վերանայի իր որոշումը, ուրախ կլինեմ նրան տեսնել մեր բոլորի կողքին:Կարող եմ մեկ բան փաստել՝ իմ ունեցած տվյալների վրա, չկա որևէ մի պաշտոնական պարտավորություն Արոնյանի նկատմամբ, որ նախարարությունը չի կատարել կամ հրաժարվել է կատարելուց»,-ասաց նախարարը:

Դումանյանը նախարարության մասով վստահեցրեց, որ ոլորտի նկատմամբ բոլոր պարտավորությունները կատարված են և կատարվում են առ այսօր:

«Շատ լավ կլինի, եթե նա փոխի իր որոշումը և մնա Հայաստանում՝ մեր կողքին, և մենք շարունակենք իր ապագա նվաճումներով ուրախանալ և հպարտանալ»,-ասաց նա: