Հենրիխ Մխիթարյանի թիմը հաղթահարեց եվրոպական արգելքը, Սարգիս Ադամյանինը՝ ոչ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի լիգայում կայացան 1/16 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները:
Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, սեփական դաշտում 3:1 հաշվով առավելության հասավ պորտուգալական «Բրագայի» նկատմամբ և տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը (առաջին խաղում՝ 2:0): Մեր ֆուտբոլիստը մասնակցեց հանդիպման վերջում՝ փոխարինման մտնելով 77-րդ րոպեին:
Հայաստանի հավաքականի մյուս անդամ Սարգիս Ադամյանի թիմը՝ գերմանական «Հոֆենհայմը», սեփական դաշտում 0:2 հաշվով անսպասելի պարտվեց Նորվեգիայի չեմպիոն «Մոլդեին» և դուրս մնաց պայքարից, քանի որ առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 3:3: Մեր ֆուտբոլիստը փոխարինման մտավ 70-րդ րոպեին:
Հարկ է նշել, որ այս փուլում բոլորից անհաջող հանդես եկան Գերմանիայի, Պորտուգալիայի, Բելգիայի (2-ական), Ֆրանսիայի, Սերբիայի, Իսրայելի և Ավստրիայի ակումբները, որոնք պարտություն կրեցին երկու խաղերի արդյունքում և ընդհանրապես ավարտեցին ելույթները Եվրոպայի լիգայում: Իսկ ահա Ուկրաինան (2), Չեխիան, Սերբիան, Հունաստանը, Նորվեգիան, Շվեյցարիան և Շոտլանդիան կորուստներ չունեցան և շարունակում են պայքարը ՈՒԵՖԱ-ի գավաթի համար:
Քառորդ եզրափակիչում բոլորից շատ ներկայացուցիչ կունենա Անգլիան՝ 3 թիմ: Նրան հաջորդում են Իտալիան, Իսպանիան և Ուկրաինան՝ 2-ական: Այս փուլի վիճակահանությունը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 26-ին: Հռոմի «Ռոմայի» մրցակից կարող են դառնալ Հենրիխ Մխիթարյանի նախկին երեք ակումբներից մեկը՝ Դոնեցկի «Շախտյորը», Լոնդոնի «Արսենալը» կամ «Մանչեսթեր Յունայթեդը»: Խաղերը կկայանան մարտի 11-ին և 18-ին: