Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պատերազմի պատճառով որդեկորույս դարձած և 42 տարին լրացած մայրերը կկարողանան օգտվել աջակցության ծրագրից (տեսանյութ)

Պետության աջակցությամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով երեխա ունենալու ծրագրից կարող են օգտվել նաև պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները։ Որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։

Հարցը  զեկուցեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը․

 «Հաշվի առնելով պատերազմից հետո որդեկորույս ծնողների՝ կրկին զավակ ունենալու ցանկությունը և այդ հարցում կառավարության կողմից աջակցություն տրամադրելու կարևորությունը՝ կառավարության որոշման նախագծով սահմանվել է շահառուների նոր խումբ։ Եվ նրանց համար սահմանվել են գործող որոշմամբ սահմանված հիմնական և լրացուցիչ պահանջները՝ հնարավորություն տալով Արցախյան պատերազմի հետևանքով որդեկորույս ծնողներին ցանկության և բժշկական հակացուցումների բացակայության դեպքում օգտվելու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից»։

Ավանեսյանի փոխանցմամբ՝ այս որոշմամբ պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո մարտական գործողությունների մասնակցության հետ կապված պատճառահետևանքային կապով զոհված որդու ծնողների համար չեն գործի անզավակ լինելու, օրենքով սահմանված կարգով ՔԿԱԳ ծառայություններում գրանցված լինելու և կնոջ 42 տարին լրացած չլինելու հիմնական պահանջները, որոնք գործող որոշմամբ առկա են․

«Այսպիսով, այս նախագծով հնարավորություն կընձեռվի, որպեսզի որդեկորույս ծնողները ևս մեկ անգամ հնարավորություն ունենան այս վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով վերագտնելու իրենց։ Կարծում ենք՝ շատ կարևոր նախագիծ է, նաև ցանկացողների մեծ հոսք ունենք։ Պիտի որ հաջողությամբ այն գործի»,- ընդգծեց Ավանեսյանը։