«Պատրա՞ստ ենք՝ եթե, օրինակ, Ադրբեջանը ցանկանա մեր երկրով այլ երկիր բեռներ փոխադրել»․ Հենրիկ Քոչինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այս չարաբաստիկ պատերազմից հետո փաստաթուղթ ստորագրվեց, որի կետերից մեկն ասում էր՝ տարածաշրջանի ապաշրջափակում։ Կոնկրետ ո՞ր երկրներին է վերաբերում ապաշրջափակումը՝ Հայաստանի՞ն, Ադրբեջանի՞ն, Թուրքիայի՞ն, թե՞ Իրանին։ Ադրբեջանը երբեք շրջափակված չէր և չի», - ասում է Կապի և տրանսպորտի նախկին նախարար, Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը։
Նրա խոսքով՝ 1993թ․ վերջից Նախիջևանը շատ կայուն ավտոմայրուղով Ջուլֆայից մտնում էր, Իրանի տարածքով շարժվում և նորից վերադառնում Ադրբեջան։ Այդ շրջափակված վիճակը խիստ պայմանական էր։
«Եթե հարցն այն է, որ Նախիջևանով երկաթուղի չի աշխատել և այլն, պետք է Ադրբեջանին հարցնել՝ ինչո՞ւ եք Նախիջևանի երկաթուղին քանդել։ Իրենք իրենց ձեռքով քանդել են հիմա փորձում են վերականգնել», - ասաց Հենրիկ Քոչինյանը։
Եթե խոսքը Թուրքիայի մասին է, Քոչինյանի խոսքով, ոչ թե նրանք էին շրջափակված, այլ մենք նրանց կողմից։ Մենք էլ, եթե պետք է բեռնափոխադրումներ իրականացնեինք դեպի Ադրբեջան և Թուրքիա, մոտ ապագայում չենք կարողանա․
«Հյուսիս և դեպի հարավ՝ Իրանով կամ Ադրբեջանով դեպի Ռուսաստան տեսնում եմ, որ հնարավոր է։ Բայց մենք հաճախ մտածում ենք, որ եթե տեխնիկական խնդիրները լուծեցինք, ամեն ինչ դրանով ավարտվեց և կարելի է հանգիստ խղճով բեռներ ուղարկել։ Բայց թիվ մեկ խնդիրը ապահովության, անվտանգության խնդիրն է։ Եթե նույնիսկ դրանք լուծենք, անմիջապես հետևում է հարցը՝ ի՞նչ գնով»։
Նրա խոսքով՝ ադրբեջանցի սեփականատերերը սակագներ են սահմանելու։ Հարցեր են առաջանում՝ մեր բեռների համար այդ սակագները կլինե՞ն մյուսների սահմաններում, թե՞ ավելի, կամ պակաս։ Նրա կարծիքով՝ գուցե նաև բարձր սակագներ սահմանեն, որ ընդհանրապես այնտեղով չաշխատենք։
«Պատկերացրեք՝ ապաշրջափակվել է, մենք մեր ներքին ճանապարհային ցանցի մասին պիտի մտածենք՝ թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբլիային։ Պատրա՞ստ ենք մեծածավալ բեռնափոխադրումներ իրականացնել, եթե, օրինակ, Ադրբեջանը ցանկանա մեր երկրով այլ երկիր բեռներ փոխադրել», - նշեց Հենրիկ Քոչինյանը։
Նա անդրադարձավ Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան-Շուռնուխ ճանապարհին, որտեղ անորոշությունները, նաեւ վտանգները շատ են, որքան էլ վերահսկեն խաղաղապահները և հայ զինվորները։
Նրա խոսքով՝ մենք դրան համարժեք ճանապարհ չունենք։
«Մի քանի օր առաջ մեր Պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Մեղրին մեր ԶՈՒ հսկողության տակ է լինելու։ Ես շատ ուրախ կլինեմ, որ Վաղարշակ Հարությունյանի ասածն իրական լինի։ Բացի մեզնից, ում հսկողության տակ էլ լինի, ի վնաս մեզ է լինելու։ Մեղրիում միջանցք չպետք է լինի, միայն սովորական տարանցիկ ճանապարհ», - ասաց նա։
Իրանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, Հենրիկ Քոչինյանի խոսքով, արդեն հասունանում է։ Այդ պարագայում տրանսպորտային հաղորդակցությունները կթեթևանան ։
«Բայց Իրանը նաև ցամաքային խնդիր կունենա։ Եթե այդ ճանապարհը Ադրբեջանի տարածքով է անցնում, Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ և որոշակի խնդիրներ կարող են առաջանալ։ Եթե մեր տարածքով է անցնելու, ոչ մի խնդիր չի առաջանա։ Ուրեմն մենք պետք է Իրանի հետ ինտենսիվ աշխատանք տանենք, որ նրանք նույնպես շահագրգռված լինեն համագործակցության», - ասաց նա։