Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2024-11-15 193146
A A
Հասարակություն

Միջադեպ՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում․ մահացածը նախկինում դատապարտված, հարկադիր բուժման մեջ գտնվող բուժառուն է

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Երևանի քրեական ոստիկանություն վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում, ժողովրդին ավելի շատ հայտնի «Սովետաշենի հեգեբուժարանում» սպանություն է տեղի ունեցել, գրում է Shamshyan.com-ը։

Մինչ դեպքի վայր կժամանեին քրեական և համայնքային ոստիկանները՝ Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ  է ստացվում ոստիկանության Նուբարաշենի բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից հիվանդանոց է տեղափոխել դանակահարված քաղաքացու, ով գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի վայրում քրեական և համայնքային ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր և տեղում պարզվել է, որ մահացածը 37-ամյա Հայկ Ազիզյանն է։ Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բանտից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և քրեական ու համայնքային ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ կասկածյալը, ով հոգեբուժարանից փորձում էր դիմել փախուստի, հետապնդվել, բռնվել ու տեղափոխվել է ոստիկանության Նուբարաշենի բաժին, որտեղից էլ ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը նախկինում սպանության համար եղել է դատապարտված, ում նկատմամբ կայացվել է որշում՝ հարկադիր բուժման համար և նրան տեղափոխել էին «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոն, իսկ նրան այսօր դանակի 4 հարվածով սպանածը, ում հետապնդել ու բռնել են քրեական ու համայնքային ոստիկանները, Երևանի բնակիչ 35-ամյա Արման Թովմասյանն է, ով ժամանակին բուժում է ստացել «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում և նախկինում դանակահարության համար եղել է դատապարտված, սակայն նա նույնպես դատարանի կողմից հարկադիր բուժման է ուղարկվել։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։