ՀՌՀ-ն 1.2 մլն դրամով տուգանել է «Հայկական երկրորդ հեռուստաալիքին»
Աջակցիր «Ա1+»-ինՀեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունվարի 23-ին հրավիրած հերթական նիստում ընդունել է մի շարք վարչական որոշումներ՝ կապված լիցենզավորման, վերահեռարձակման և օրենսդրական խախտումների հետ։ Նիստի ընթացքում հինգ ընկերությունների վերաբերյալ կայացվել են իրավական ակտեր, այդ թվում՝ խախտումների հիմքով տուգանքների վերաբերյալ։
Մասնավորապես, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն տուգանվել է 1,200,000 ՀՀ դրամով՝ 2025 թվականի դեկտեմբերի 21-ին հեռարձակված «Հայելի ակումբ» հաղորդման ընթացքում արձանագրված գռեհկաբանության և հայհոյախոսությունների համար։ Հանձնաժողովը նշել է, որ ընկերությունը խախտել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև ՀՌՀ-ի կողմից հաստատված անչափահասների վրա բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները։
Վարչական վարույթի արդյունքներով Հանձնաժողովը կիրառել է օրենքով սահմանված տույժի եռապատիկը՝ որպես տուգանք։
Բացի այդ, «ԼԱՅՔՆԵՏ» ՍՊԸ-ն ևս տուգանվել է 115․064 ՀՀ դրամով՝ առանց իրավական հիմքի տեսալսողական ծրագրեր վերահաղորդելու համար, իսկ «ՏՈՍՊԱ» ռադիոընկերության խմբագրություն ՓԲԸ-ն՝ 300,000 դրամով՝ «Սպուտնիկ Արմենիա» ծրագրի ձայնագրությունների ներկայացման պահանջը մասնակի չկատարելու հիմքով։
Հանձնաժողովն ընդգծել է, որ նշված որոշումներն ուժի մեջ մտնելու պահից կարող են բողոքարկվել երկամսյա ժամկետում՝ ՀՌՀ-ին կամ ՀՀ վարչական դատարանին։