Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Սա մեր ժողովրդի համար մի կատարյալ ձախողում և դիվանագիտության խուճապային փախուստ էր․Գագիկ Սաֆարյան (տեսանյութ)

33 տարի առաջ փետրվարի 20-ին Երևանում՝ Օպերային հարակից Ազատության հրապարակում անցկացվեց Արցախյան շարժման առաջին հանրահավաքը։ 

 «Պաշտպան հայրենյաց» ազգային-մշակութային հիմնադրամի նախագահ, Ղարաբաղ կոմիտեի հիմնադիր անդամ, պատմաբան Գագիկ Սաֆարյանի խոսքով՝ այս շարժումն ընդամենը մեկ շաբաթում վերածվեց նախադեպը չունեցող մի շարժման, որը մի քանի տարվա մեջ ցույց տվեց իր մեծ նշանակությունը Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համար․

«Դա մի բացառիկ ազատագրական շարժման պոռթկում էր։ Ամենամեծ նվաճումը մեր ժողովրդի միասնության հաղթանակն էր, Արցախյան շարժումը բերեց նրան, որ ամբողջ ազգը համախմբվեց և դարձավ մեկ միասնական օրգան։ Շարժումը բերեց նաև ՀՀ անկախությանը»,-ընդգծում է Սաֆարյանը և հավելում՝ այս շարժման շնորհիվ Հայաստանը դարձավ միատարր, 98 տոկոս հայերով բնակեցված երկիր։

Սաֆարյանն անդրադարձավ նաև բանակին և վերջինի շուրջ քննարկումներին, ընդգծեց՝ բանակի մասին մեր պատկերացումները երբեմն փորձում ենք համապատասխանեցնել մեր ցանկություններին․

«Մեր ժողովրդի ազատագրական պայքարի մեջ մեր բանակի մարտունակությունն առաջին հերթին ապահովել են 18-20 տարեկան երիտասարդները, դրա հիմքում դրված է եղել մեր ազգային, մշակութային, հոգևոր արժեհամակարգը։ Որ բանակում եղել են բանիմաց մասնագետներ, հրամանատարներ, ոչ մեկ չի կարող հերքել, բայց որ բանակը ունեցել է սարսափելի սխալներ, բանակում եղել են սարսափելի ավանդույթներ, ոչ մեկ չի կարող աչք փակել»։

Սաֆարյանն ասում է՝ սեպտեմբերից մինչև նոյեմբերի 10-ը մեր բանակը նույնիսկ ապահովված չի եղել համապատասխան քանակի զրահաբաճկոններով, ռադիոկապերով։

Չնայած այս ամենին՝ Սաֆարյանը համարում է, որ մեր երկիրը պարտություն է կրել դիվանագիտական դաշտում․

«Սա եղավ մեր ժողովրդի համար մի կատարյալ ձախողում և դիվանագիտության խուճապային փախուստ։ Ես ուզում եմ մեր արտգործնախարարներին հարց տալ՝ երբևէ բանակցությունների ընթացքում եղե՞լ է մի անգամ, որ շոշափվի Շահումյանի ու Գետաշենի հարցը, եղե՞լ է մի անգամ, որ շոշափվի Արծվաշենի հարցը, բարձրացվե՞լ է Նախիջևանի հարցը, թե ոչ, ավելին ասեմ՝ ոչ մի անգամ չի բարձրացվել»։

Սաֆարյանի խոսքով՝ եթե ազատագրված տարածքները մեր դիվանագիտությունը չպետք է պաշտպաներ, ստացվում է, որ մենք օկուպանտ ենք և բռնակցել ենք Ադրբեջանի տարածքները։