Հայաստանում կան մարդիկ, որոնք երբեք գրախանութ ոտք չեն դրել․ Զավեն Բոյաջյան
Աջակցիր «Ա1+»-ինԳիրք նվիրելու օրվան` փետրվարի 19-ին նախորդող օրերին եթե այցելեք «Բուկինիստ» գրախանութ, հայտնի մարդկանց կհանդիպեք, որոնք օգնում են ընթերցողներին հասկանալ` ինչ գնել, ինչ կարդալ:
Մասնաճյուղերից մեկում խորհրդատուն կինոգետ, գրական թարգմանիչ Զավեն Բոյաջյանն էր, իսկ ընթերցողը՝ լրագրողը, որ Ագաթա Քրիստի է կարդում, սիրում Շերլոքի կերպարը։
Խորհրդատուն միանգամից հասկացավ` ինչ կհետաքրքրի ու գտավ իր սիրելի գրքերից մեկը` Ումբերտո Էկոյի «Վարդի անունը»: Գիրքը համառոտ ներկայացրեց ու շեշտեց` միայն դետեկտիվ չէ, փիլիսոփայական շատ մեծ շերտեր ունի:
Նրա խորհուրդը ակամա լսած մի աղջիկ ծիծաղելով ասաց` դետեկտիվ չի սիրում, բայց այնքան գրավիչ ներկայացվեց, որ ինքն էլ է ցանկանում գնել։
Չնայած որ Զավեն Բոյաջյանն առաջին անգամ էր «Բուկինիստում» խորհրդատու և մեր զրույցի պահին ընդամենը մեկժամյա «փորձ» ուներ, հասցրել էր հասկանալ` մարդիկ հիմնականում ինչ են ցանկանում։
«Այսօրվա տվյալներով` հիմնականում ուզում են սիրային գրքեր, մելոդրամատիկ և նաև ֆանտաստիկ: Բացի դրանից, պատանեկան տարիքի համար նախատեսված գրականություն են ցանկանում», - ասաց նա:
Քչերն են, սակայն, որ հստակ գիտեն` ինչ են ուզում, ինչ գիրք է իրենց պետք: Մարդիկ հիմնականում շատ մշուշոտ պատկերացումներով են գալիս և հարկ է լինում կողմնորոշիչ հարցերով պարզաբանել` ինչ գրականություն են ուզում.
«Մարդը կարծում է` եթե հայտնում է, որ այն ընթերցողը, որի համար պետք է գնի գիրքը, 10 տարեկան է կամ 12, ես արդեն կարող եմ խորհուրդ տալ: Բայց քանի որ ընթերցանությունը շատ անձնական բան է և անպայման պետք է հաշվի առնել մարդու նախասիրությունները, ես փորձում եմ խաչաձև հարցերով պարզել, թե ինչ նախասիրությունների մասին է խոսքը կամ գիրքն ինչ ժանրային պատկանելություն պետք է ունենա, որ տվյալ մարդը հիասթափություն չապրի», - ասում է Զավեն Բոյաջյանը:
Անծանոթ մարդկանց այնքան էլ հեշտ չէ գիրք խորհուրդ տալ,- ասում է նա: Առհասարակ, գիրք խորհուրդ տալը շատ պատասխանատու գործ է.
«Ես չեմ սիրում ապակողմնորոշել պոտենցիալ ընթերցողին այն առումով, որ շատ չափազանցված գովեստներով չեմ փորձում ինչ-որ գրքի արժեքը բարձրացնել: Ընդհակառակը, ներկայացնում եմ այնպես, ինչպես կա, որ այդ մարդը իրական պատկերացում կազմի` գիրքը կարող է իրեն հետաքրքրել, թե ոչ: Որպեսզի հետո ինձ չհայհոյի, թե այս ինչ գիրք խորհուրդ տվեց, ընդհանրապես անընթեռնելի է»:
Նրա խոսքով` կան գրքեր, որ, այսպես ասած, բոլորի համար են.
«Օրինակ՝ Ռեյ Բրեդբերիի գրքերը կարող եմ հանգիստ խորհուրդ տալ ցանկացած մարդու: Ուիլյամ Սարոյանի գրքերը նույնպես մարդկանց մեծամասնությունը կհավանի, եթե խորհուրդ տաս: Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» նույնպես բոլորի համար է, և ցանկացած մարդ մեծ հաճույքով կկարդա: Նման գրքերի մասին կարծիքներն էլ են փաստում, որ ցանկացած տարիքի մարդու հետաքրքրում են», - նշեց Զավեն Բոյաջյանը:
Նրա կարծիքով`Հայաստանն աշխարհում ամենաչկարդացող երկրներից մեկն է: Մարդկանց մեծ մասն ապրում է` այդպես էլ գրախանութ ոտք չդնելով կամ գրքեր չթերթելով.
«Վերջին տարիներին, սակայն, պատկերը մի փոքր փոխվել է: Ես միշտ ասում էի, որ հայ ընթերցողից մեծ ակնկալիքներ ունենալ չարժի, որովհետև առաջարկ չկա, որ պահանջարկ ձևավորվի: Հիմա առաջարկ կա, այսինքն շատ գրքեր են տպագրվում: Երևէ Հայաստանի պատմության մեջ չի եղել, որ այս քանակի գրականություն տպագրվի, հատկապես` թարգմանչական: Բայց, միևնույն է, մենք շարունակում ենք գրքով ամենից քիչ հետաքրքրվող երկրների թվում լինել», -ասաց նա:
Պետք է ոչ թե կարդալ շատ գրքեր, այլ ճիշտ գրքեր, ասում է Զավեն Բոյաջյանը: Ժամանակն ափսոս է. պետք է ամեն կերպ փորձել հասկանալ, թե ինչի վրա արժե ժամանակ ծախսել: