Հեշտ չի լինի Լևոն Արոնյանին փոխարինել հավաքականում. Սմբատ Լպուտյան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը կարծում է, որ Հայաստանում առայժմ չկա շախմատիստ, ով կարող է փոխարինել Լևոն Արոնյանին հավաքականում:
«Լևոն Արոնյանի նման շախմատիստներ շատ քիչ են ծնվում, և դրանք գանձ են համարվում ցանկացած երկրի համար: Ես դժվար եմ պատկերացնում Հայաստանի հավաքականն առանց Լևոնի: Առանց նրա հնարավոր չէ բարձր ցուցանիշներ ապահովել: Ընդհանուր առմամբ մենք ունենք երիտասարդ և պատանի խոստումնալից շախմատիստներ, որոնք ցանկանում են դառնալ հավաքականի մի մասնիկը, բայց Լևոն Արոնյանի նման տաղանդներն ազգային թիմերում խաղում են այնքան ժամանակ, մինչև որ նրանց տեղը հայտնվում է արժանի փոխարինող: Մենք դեռ շատ անելիքներ ունենք և այդքան էլ հեշտ չի լինի Լևոնին փոխարինել հավաքականում», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սմբատ Լպուտյանը:
ՀՇՖ նախագահի տեղակալը խոսելով Լևոն Արոնյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին (ըստ շրջանառվող լուրերի շախմատիստը պատրաստվում է բնակություն հաստատել ԱՄՆ-ում և հանդես գալ այդ երկրի հավաքականից), նշեց, որ դրա պատասխանը կարող է տալ միմիայն շախմատիստը:
«Ա1+»-ի ուղղորդող այն հարցին, արդյոք ֆեդերացիան կարո՞ղ է խոչընդոտել Լևոն Արոնյանի տեղափոխությանը, եթե նա նման ցանկություն ունենա, Սմբատ Լպուտյանն ասաց, որ ֆեդերացիան շախմատիստի կամքին հակառակ ոչինչ չի կարող անել: