Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Տնտեսություն

Այսօր ընդդիմությունն աշխատում է ներդրումները տապալելու վրա․ Հովսեփ Խուրշուդյան (տեսանյութ)

«Եթե մենք ամեն տարի կարողանանք ավելի էժան եվրաբոնդեր վերցնել` դրա հաշվին փակելով նախկինում ավելի թանկ վերցրած եվրաբոնդերը, նույնիսկ այդ առումով արդեն արդարացված է լրացուցիչ պարտք վերցնելը»։ «Ա1+»-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը՝ անդրադառնալով Կառավարության այսօրվա նիստում հնչած հայտարարությանը, թե Հայաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացրել է Եվրաբոնդերի թողարկում աննախադեպ ցածր՝ 3,8 տոկոսով։

«Այդ գումարները պետք են տնտեսության համար, ցանկացած երկիր պարտք է վերցնում և որքան էժան պարտք վերցնի, այնքան լավ։ Նախ Հայաստանում մակրոտնտեսական կայունություն ապահովվեց, որը չտեսնված էր՝ հատկապես հաշվի առնելով կորոնավիրուսն ու պատերազմի հետևանքները»,-ընդգծում է բանախոսը։

Ըստ Խուրշուդյանի՝ նման միտումները նախ ուղերձ են տնտեսավարողներին, որ կարելի է շարունակել ակտիվ տնտեսվարել, ներդրումներ անել, նաև ազդակ է արտաքին շուկաներին, որ կարելի է ներդրումներ անել նաև Հայաստանում․

«Ես կարծում եմ՝  նաև ավել եվրաբոնդեր կարելի էր վերցնել, եթե այդ հնարավորությունը կար, դրանով փակել նախորդ ավելի թանկ եվրաբոնդերը և լրացուցիչ նաև տնտեսական խթանում իրականացնել։ Այսօր, հաշվի առնելով, որ արտաքին ուղիղ ներդրումները գրեթե բացակայում են, միակ հիմնական ներդրող պետք է լինի պետությունը և տեղի ներդրողը»։

Ինչ վերաբերում է մտահոգություններին, որ պետական պարտքի ավելացումը կարող է վտանգավոր լինել հետպատերազմյան այս շրջանում, Խուրշուդյանն ասում է՝ պետական պարտքի կառուցվածքը շատ ավելի կարևոր է, քան դրա ծավալները․

«Եթե մենք վերցնում ենք ավելի էժան եվրաբոնդեր ավելի թանկ եվրաբոնդերը փակելու համար, իսկ սա անընդհատ գործընթաց է, շատ ավելի կարևոր է, այսինքն՝ վարկերի ու պարտքերի կառավարումը  շատ ավելի կարևոր է, քան մեխանիկորեն ասել՝ չավելացնենք մեր պարտքերը»։

Խուշուդյանը պետական պարտքի բարելավմանն ուղղված քայլերը բավարար է համարում․

«Նոր պարտքերը վերցնելուն զուգահեռ մենք փակում ենք նաև նախորդ պարտքերը, եթե դրա կարիքը կա, եթե չկա՝ ներդնում ենք տնտեսության մեջ»։

Խուրշուդյանը մտավախություն ունի, որ տնտեսական անկմանը զուգահեռ կնվազեն սոցիալական ծրագրերը, որոնք անցյալ տարիներին բավականին ակտիվացել էին․

«Օրինակ՝ խոստում եղավ կենսաթոշակները ամեն տարի 10 տոկոսով ավելացնել, ես վտանգ եմ տեսնու,մ, որ կարող է մոտեցում լինի, որ այդպիսով միջոցները փոշիանում են, մասնագետներ կան,  ովքեր ասում են պետք է այդ ամբողջը ներդնել պետական ներդրումների ձևով, կապիտալ շինարարությունների ձևով, ես  չեմ ուզում մեկը մյուսին հակադրել, սոցիալական ծրագրերը ոչ միայն սոցիալական խնդիրներ է լուծում, այլ նաև բերում է  վճարողունակ պահանջարկի ավելացման, բերելու է առևտրի, սպասարկման ոլորտի ծավալների ավելացմանը, խթանելու է թեթև արդյունաբերությանը։ Սա կորած գումար չէ, որովհետև վերադառնում է տնտեսություն»։

Ըստ Խուրշուդյանի՝ ներդրումների առումով այսօր մենք գտնվում ենք ռիսկային գոտում․

«Պատերազմից հետո ռիսկայնությունն ավելի է մեծացել, պետք է միջավայրը բարելավել, Սփյուռքի մեր հայրենակիցների ներդումային պոտենցիալը օգտագործել, վստահելիությունը բարձրացնել, ինչը տապալելու վրա այսօր աշխատում է ընդդիմությունը։ Ներդրումային բում չեղավ, որովհետև գնաց պայքար օլիգարխիատի հետ»,-ասում է Խուրշուդյանը։