Դոլարի փոխարժեքը պետք է ավելի շատ բարձրանա․ Արմեն Եղիազարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏնտեսագետ, 1993-95թթ․ էկոնոմիկայի նախարար Արմեն Եղիազարյանը գտնում է, որ արցախյան պատերազմից հետո ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում Հայաստանը կարող է շատ արագ վերականգնվել։ Հատկապես, որ Հայաստանի տարածքում որևէ ենթակառուցվածք չի վնասվել։ «Պատմությունը ցույց է տալիս, որ պատերազմում պարտվող կողմերը արագ են վերականգնվում՝ Գերմանիան, Ճապոնիան, Իտալիան»,- համեմատում է նա։
Այնուամենայնիվ Ա․Եղիազարյանն ասում է, որ անցած տարի ՀՀ տնտեսությունը շատ ծանր կորուստ է կրել։ Նախ կորոնավիրուսի համաճարակը, որը տնտեսագետի հաշվարկներով Հայաստանին պատճառել է 1,3-1,4 մլրդ դոլար։ Իսկ պատերազմի պատճառած վնասները գնահատում է 1,5-2 մլրդ դոլար այն հաշվարկով, որ պետությունը կորցրեց այդքան հնարավորություն, որը կարող էին ստեղծել զոհերն ու վիրավորները։
«Սա Հայաստանի համար շատ լուրջ թիվ է, 12 տարի հետ է գցել մեր երկրին և հասցրել 2008թ․ մակարդակին»,- ասում է նա։
Ա․Եղիազարյանն ասում է, որ անցած ծանր տարվանից հետո որպեսզի հնարավոր լինի զարգացնել տնտեսությունը, պետք է նախ զարգացնել արտադրությունը։ Իսկ դրա կարևոր պայմաններից մեկը դրամի արժեզրկումն է այնքան, մինչև մեր արտադրությունը մրցունակ լինի։ Տնտեսագետը բավարար չի համարում այն, որ տարեվերջին արդեն դրամն արժեզրկվել է․ գտնում է, որ նախկինի նման 1 դոլարը պետք է հասնի մինչև 600 դրամի և ավելին․ «Տնտեսությունը պիտի ռեակցիա տա, եթե չի տալիս, ուրեմն բավարար չէ։ Այնքան պետք է արժեզրկվի, որ տեղական արտադրությունը մրցունակ դառնա»։
Անդրադառնալով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիների վերականգնման հեռանկարին, ասում է, դրան վերաբերող վախերն ու հույսերը չափազանցեցված են։ Ասում է, ճանապարհների բացվելը ՀՀ տնտեսությանը չի տա այն զարգացումը, ինչը երբեմն ակնկալվում է, նաև թուրքական կողմից չի ստանա այն տնտեսական վնասը, ինչի մտահոգությունը կա։
«Մի քանի տոկոս տրանսպորտային ծախսերի վրա կշահենք, բայց մեծ բան չենք ստանա։ Ճանապարհների բացելը չի տա թռիչքաձև զարգացում։ Հայաստանի նման երկրներում թռիչքաձև զարգացում հնարավոր չէ»,- ասում է նա։
Այնուամենայնիվ նախկին նախարարը համաձայն է էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի հետ, թե Հայաստանը պետք է կարողանա իր ապրանքները վաճառել Ադրբեջանում․
«Շատ էլ լավ կլինի, որ Հայաստանն Ադրբեջանում ապրանք իրացնի, բայց ամբողջ հարցն այն է, թե ինչ ենք իրացնելու։
Մանրամասները՝ տեսանյութում