Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Մա՛մ, աղոթի ախպորս համար, փրկի ախպորս»․18-ամյա հերոսի վերջին խոսքերը (տեսանյութ)

«Արմանս մի հատ խոսք ուներ, ասում էր՝ մարդ կա, ապրում է 81 տարի, բայց իր հետևից ոչ մի բան չի թողնում, մարդ էլ կա, ապրում է 18 տարի, բայց իր հետևից մի ամբողջ կյանք է թողնում»,-հիշում է 18-ամյա հերոս Արման Բադոյանի եղբայրը՝ Վազգենը։

Արմանն ապրեց ընդամենը 18  տարի, բայց տեսածն ու զգացածը, ինչպես նաեւ արածը, մի քանի անգամ ավելի էին իր ապրած կյանքի  տեւողությունից։ 

«Մի օր ասաց ՝ մենք էլ մեր փայ անելիքն ունենք, եթե մի օր գամ կպատմեմ, մամ»,-ասում է Արմանի մայրը՝ տիկին Քրիստինան։

18-ամյա հերոսը մորը շատ բան պատմել չհասցրեց, բայց վերջին անգամ հասցրեց նրան խնդրել աղոթել ոչ թե իր, այլ առաջնագծում գտնվող եղբոր՝ Վազգենի համար:

«Ձայնը գնում-գալիս էր, շատ արագ ասաց՝ մամ, ապերը զանգե՞լ է, ասեցի՝ հա, բալես, ասեց՝ մա՛մ, ուզում եմ ասեմ՝ ինձ հետ անելու էլ բան չկա, ինձ համար մի մտածի, աղոթի ախպորս համար, փրկի ախպորս։ Միանգամից ահ ընկավ սիրտս, ասաց՝ ամեն ինչ նորմալ է, ուժեղ եղի, մա՛մ, ասեցի՝ ես ուժեղ եմ, բայց էնքան չէ, որ քեզ կարողանամ կորցնել, ասեց՝ քեզ լավ կնայես ու իմացի, որ էս աշխարհում ամենաշատը ես քեզ եմ սիրում»,-որդու վերջին խոսքերը հիշում է 18-ամյա հերոսի մայրը։

Տիկին Քրիստինան ասում է՝ զգում էր՝ Արմանն արդեն չկա, հետո մտերմիների մի հայացքն էլ հերիք էր, որ հասկանար՝ վատ լուրը հաստատվել է

«Մեկ էլ հիշեցի, որ Արմանն ասեց՝ աղոթի ախպորս համար, փրկի ախպորս։ Նույն վայրկյանին գոռացի, ասեցի՝ Վազգենին փրկել է հարկավոր»։

Վազգենը, ով պատերազմի առաջին օրվանից առանց ընտանիքի հետ խորհրդակցելու կամավորագրվել էր և շտապել Արցախ, այսօր տանն է, ծնողների կողքին

«Ես Ասկերանում էի, Արմանն իմ կողքն էր՝ Մարտակերտում, բայց կապ հաստատել չէր ստացվում, ինչ-որ բան որ ուզում էի ասեի, ասում էի մամային, որ փոխանցեր Արմանին, ասում էի՝ կասես զգույշ լինի, դուխը չգցի»,-ասում է  Վազգենը։

Պատերազմի օրերին Արմանն էլ, Վազգենն էլ ծնողներին ժամանակ առ ժամանակ հանգստացրել են, թե ապահով տեղում են, մարտական գործողությունների կենտրոնում չեն, բայց մայրական սիրտն այլ բան է զգացել․

«Շատ հաճախակի պայթյունի ձայներ էի լսում, հասկանում էի, որ եթե բունկերում լինեն, ձայներ չեմ լսի, մտածում էի՝ էլի ինձ հանգստացնում է»։

Հարազատներն Արմանի մասին անցյալով չեն ուզում խոսել 18-ամյա հերոսը կարճ, բայց լեցուն կյանք  է ունեցել։ 

Արմանը երաժշտական կրթություն ուներ, մայրն հիշում է՝ գիշերները քնելու փոխարեն նախընտրում էր երգեր գրել, հետո  ցածրաձայն երգել 

«Իրա ամբողջ էությունը երաժշտությունն էր, աչքերը բացում էր, երգում էր, քնելուց անգամ երգում էր»,-հիշում է տիկին Քրիստինան։