Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Խնդիրը չեն լուծելու առանձին անձինք՝ առանձին սենյակներում պայմանավորվածությունների միջոցով․իշխանական պատգամավորները՝ արտահերթ ընտրությունների մասին (տեսանյութ)

«Խնդիրն այն չէ, որ իշխանությունը կասկածում է, թե կարող է երկու անգամ վարչապետ չընտրվել, և ստեղծվել մի իրավիճակ, որն ըստ Սահմանադրության նշանակում է, որ պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Խոսքը հետևյալի մասին է՝ մենք ունենք խնդիր և այդ խնդրի լուծման մեր տեսլականն ենք առաջարկում»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումներին։

Գրիգորյանը պնդում է՝  խնդրի  հանգուցալուծման համար պետք է ըմբռնում իշխանության և ընդդիմության միջև, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուծման ընդունելի տարբերակ են․

 «Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան  խմբակցությունները, լինելով խորհրդարանական ուժեր, ներկայացնում են մեր հանրության որոշ հատվածի։ Հետևաբար՝ ինքնանպատակ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը չէ, որ լուծելու է խնդիրը։ Պետք է ըմբռնում, և հուշագրի ստորագրումը հենց դրա վկայությունը պետք է լինի»։

Գրիգորյանը պնդում է՝ եթե ընդդիմությունն առաջադրում է այլ թեկնածու, սա նշանակում է, որ խնդրի լուծումը չեն տեսնում արտահերթ ընտրութունների ճանապարհով։

Իմքայլական պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ հավելեց՝ խնդիրը լուծելու է ՀՀ քաղաքացին՝ ընտրատեղամասում իր քվեի միջոցով․

«Խնդիրը չեն լուծելու առանձին անձինք՝ առանձին սենյակներում պայմանավորվածությունների միջոցով։ ՀՀ քաղաքացին է լուծելու խնդիրը, ընտրատեղամասում՝ իր քվեի միջոցով։ Մեր իշխանությունն այդ իրավունքից ՀՀ քաղաքացուն որևէ պարագայում չի զրկի։ Մենք երբևէ չենք գնա այնպիսի գործողությունների, որ իշխանության ճակատագրի որոշման հարցը չլուծի ՀՀ քաղաքացին», - ասաց Գևորգ Պապոյանը։

Պատգամավորը շեշտեց՝ ընդդիմադիր գործընկերներին ընդամենն առաջարկում են հուշագրով պայմաններ չառաջարկել, այլ առաջարկում են գնալ արտահերթ ընտրության և ժողովրդին տալ ևս մեկ անգամ որոշում կայացնելու իրավունք՝ ով է լինելու իր ձևավորած իշխանությունը։

«Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանն էլ հավելեց, թե ինքնանպատակ խորհրդարանական ընտրություն անցկացնելը չի, որ պետք է լուծի խնդիրը, ըմբռնում և հուշագրի ստորագրումը հենց դրա վկայությունը պետք է լինի։

Ինչ վերաբերում է ռազմագերիների խնդրին և վարչապետի՝ երեկ հնչեցրած արտահայտությանը, թե նախկինում ոչ մի այնգամ այսպիսի ծավալով գերիների վերադարձ տեղի չի ունեցել, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն արձագանքեց, թե խոսքը ոչ թե ծավալների, այլ գործընթացի շարունականության մասին է․

«Երբ ընդդիմությանը որոշակի շրջանակներ ասում են, որ գերիների վերադարձի մասով գործընթացներ չի ծավալվում, սա է շեշտադրումը, որ այո՛, այս ծավալով գերիների վերադարձ չի եղել»։

Բաղդասարյանը նշեց՝ գերիների վերադարձը ձգձգվում է Ադրբեջանի կողմից քաղաքական օրակարգերի առաջ մղման  պատճառով։

Բաղդասարյանը պնդեց՝ Հայաստանի և Արցախի ներքաղաքական որոշ հայտարարություններ վնասում են գործընթացին, թե ո՞ւմ և ո՞ր հայտարարությունների մասին է խոսքը, իշխանական պատգամավորները չհստակեցրին։