Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour 2021 շախմատային մրցաշարքին

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը կմասնակցի մեկ տարի ընդմիջումից հետո վերադարձած Grand Chess Tour-ին։

Ինչպես տեղեկացնում է տուրի պաշտոնական կայքը, այս տարվա մրցումներին իրավունք ունեին մասնակցելու 2020-ին այդ իրավունքը նվաճած 10 շախմատիստները։ Սակայն, նրանցից երկուսը՝ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառսլենը և ամերիկացի Հիկարու Նակամուրան, հրաժարվել են մասնակցությունից։ 

Կազմակերպիչները նրանց տեղը հրավիրել են Ադրբեջանի երկու ներկայացուցիչներին՝ Շահրիյար Մամեդյարովին ու Թեյմուր Ռաջաբովին։ Այդպիսով, Լևոն Արոնյանն այս տարի այդ երկրի շախմատիստների հետ հինգ անգամ կնստի խաղատախտակի առջև, քանի որ տուրը բաղկացած է հինգ տարբեր մրցաշարերից։ 

Մեր շախմատիստի մյուս մրցակիցներն են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, չինացի դին Լիժենը, ամերիկացիներ Վեսլի Սոն և Ֆաբիանո Կարուանան, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին և Ալեքսանդր Գրիշչուկը, նիդեռլանդցի Անիշ Գիրին։

Grand Chess Tour-ի առաջին մրցաշարը կանցկացվի հունիսի 3-15-ը, Բուխարեստում։ Այնուհետև տեղի կունենան արագ և կայծակնային շախմատի Փարիզի, Զագրեբի և Սենթ Լուիսի մրցաշարերը։ Տուրը կավարտվի Sinquefield Cup անվանումը կրող դասական մրցաշարով, որը տեղի կունենա օգոստոսի 16-28-ը, ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում։

Նշենք, որ տուրի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1,275 մլն դոլար: Ընդհանուր արդյունքներով 1-3-րդ տեղերը գրաված շախմատիստները կստանան 175 հազարական դոլար պարգևավճար։