Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 8-ը հւնվարի (տեսանյութ)

1995-ը Հայաստանում խորհրդարանի ընտրությունների եւ Սահմանադրության հանրաքվեի տարի է: Տարվա առաջին երկու լուսավոր ու տաք օրերից հետո Հայաստան կրկին ցրտի ու մութի մեջ է: Այնուամենայնիվ, Նոր տարվա առաջին օրերին շահագործման է հանձնվում Հայաստանի կենտրոնը հյուսիսին կապող 400 մետր երկարությամբ կամուրջը, ինչպես նաեւ շահագործվում է Կասկադի 800 մետր երկարությամբ շարժասանդուղքը։

Անկախությունից հետո սա առաջին Նոր տարին է առանց հայ-ադրբեջանական պատերազմական գործողությունների: Մարդկանց դեմքին ժպիտն ավելի շատ է:

1998-ի հունվարի 9-ին լրանում է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 74-րդ տարին: Նրա մտերիմներն ու շատ արվեստագետներ Կոմիտասի անվան պանթեոնում նրա շիրիմի մոտ են: Պանթեոնից հետո մարդիկ հավաքվում են նրա տուն թանգարանում եւ դիտում Փարաջանովին նվիրված «Վերջին կոլաժը» վավերագրական ֆիլմը:

1998-ի այս օրերին Հայաստանի հեռուստաեթերում սպասվում է եթերային բում: Կաբելային ճանապարհով հայ հեռուստադիտողին հասանելի կդառնան արտասահմանյան 16 հեռուստաընկերությունների հաղորդումներ: Նրանցից են CNN-ը, Դիսքավերին, MTV-ն եւ այլն: Այս մասին տեղեկացնում է հայ-ամերիկյան համատեղ մի ձեռնարկություն: Չտեսնված որակը երաշխավորվում է, հետագայում ալիքների թիվը կհասնի 24-ի: Սակայն հիշյալ ալիքների դիտումը կլինի վճարովի՝ առաջին ամսվա համար 230 ամերիկյան դոլար, այնուհետեւ ամեն ամիս՝ 30 դոլար:

1998-ի հունվարի 9-ին նաեւ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է: 1998-ի այս օրերին «Մերկադո Մունդիալ» միջազգային կազմակերպությունը «Նաիրիտին» շնորհվում է միջազգային մրցանակ: Մինչդեռ այս հսկան աշխատում է 10 տոկոս ծանրաբեռնվածությամբ հումքի բացակայության, ֆինանսներ չունենալու եւ փակ ճանապարհների պատճառով: Սակայն արտադրանք տալիս է եւ նույնիսկ արտահանում: Քիմիական արդյունաբերությանը բաժին ընկնող 8 միլիարդ դրամ հարկի 6 միլիարդը «Նաիրիտից» է։

«Տիգրան Մեծ» հրատարակչությունում տպագրվող ավելի քան 30 թերթ 1999-ի հունվարի 8-ի նրան պարտք են մոտ 90 միլիոն դրամ: Հրատարակչությունն ասում է, որ բոլոր հիմքերն ունի այդ թերթերը չտպագրելու , չնայած բոլորն էլ հունվարի 9-ին լույս կտեսնեն: Հրատարակչությունը նրանց տվել է 10-15 օր ժամանակ:

2000-ի հունվարի 8-ին Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպությունը հայտարարում է, որ Սկաուտական շարժման Եվրոպական տարածաշրջանի ղեկավար Հարություն Հարությունյանը չէր կարող որեւէ կապ ունենալ հոկտեմբերի 27-ի հետ: Բագրատ Եսայանը հերքում է որոշ լրատվամիջոցների այն պնդումները, թե հոկտեմբերի 26-ին եւ 27-ին սկաուտների մեծ խումբ է եղել խորհրդարանում: Բագրատ Եսայանը համաձայն է, որ Նաիրի Հունանյանը Հարություն Հարությունյանի հետ Հայաստանում հիմնադրել է սկաուտական շարժումը, բայց այդքանով սահմանափակվում է նրանց կապը: 91-ին Հունանյանը շարժումից հեռացվել է նյութական զեղծարարություններ անելու համար:

2000-ի այս օրը Արցախի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դառնում է նաեւ Պաշտպանության բանակի հրամանատար: Դեռ դեկտեմբերին այս պաշտոնն զբաղեցնում էր Սամվել Բաբայանը: Արցախի զինվորականությունը նախարարի եւ հրամանատարի պաշտոնների համատեղումը հանգիստ է ընդունում: Թեպետ հունվարին սպասվում է Արցախի երկրապահների միության համագումարը: Այս միությունում ի տարբերություն Հայաստանի երկրապահների, պաշտոնյա զինվորականներ չկան:

2001-ի հունվարի 8-ին Հայաստանում ոսկրածուծի առաջին դոնոր է դառնում առաջին տիկին Բելլա Քոչարյանը: Նրան հաջորդում են առողջապահության նախարարն ու մի քանի պատգամավոր: Ոսկրածուծի արյան բջիջների վերարտադրության անկարողությունն առաջացնում է լեյկեմիա եւ այլ անբուժելի հիվանդություններ, իսկ պատվաստման շնորհիվ հնարավոր է փրկել մարդու կյանքը: Եվ այս հիվանդություններով տառապողներին կարող է օգնել միայն հայ դոնորը:

Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը 2010-ի հունվարի 8-ին հայ վարորդներին է մեղադրում ավտոտեսուչներին կաշառք տալու փաստի մեջ: 2012-ի այս օրը Մարգար Օհանյանն արդեն մեղադրյալի աթոռին է ֆինանսական չարաշահումների մեղադրանքով: Նա կալանավորված է ավելի քան 4 ամիս, իր բառերով, ինքն էլ չգիտի, թե ինչու: Մարգար Օհանյանը մեղադրվում է 2 միլիոն 480 հազար լիտր բենզին յուրացնելու մեջ, նրա հետ նույն գործով մեղադրվում է եւս 3 հոգի:

2013-ի այս օրը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դառնում է 68 տարեկան, տարիք, որը պատճառ դարձավ, որ Տեր-Պետրոսյանը հրաժարվի մասնակցել այս տարվա նախագահի ընտրություններին: Նա քաղաքական գործունեության մեջ մտավ 43 տարեկանում ղարաբաղյան շարժման օրերին: 46-ում դարձավ անկախ Հայաստանի առաջին նախագահը: