Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Փաշինյանին բերեցին, որ ստիպված լինի կատարել տարածքներ հանձնելու մասին իրենց խոստումները․ Ա․Մելիքյան (տեսանյութ)

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն ասում է, թե ռուսական 1960 խաղաղափահները չեն կարող արցախյան ողջ սահմանով տեղակայվել, որպեսզի զսպեն Ադրբեջանցիների ոտնձգությունները։

Անդրադառնալով վերջին օրերին Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ համայնքների վրա ադրբեջանական հարձակմանը, ասում է, խաղաղապահները դիտակետերում հերթափոխով են դիտարկում, իսկ միջդիտակետային տարածքները պետք է վերահսկվեն հայկական զինված ուժերի կողմից։

«Եթե դա ընդամենը աշխարհազոր է, և ՊԲ-ն հիմա չունի ղեկավարություն, դա նշանակում է, իշխանություններն ունակ չեն վերահսկելու այդ տարածքների պաշտպանության խնդիրը։ Եվ ամեն ինչ մնացել է տեղի բնակչության վրա, որոնք դժվար թե զինված լինեն ավտոմատից ավելի հզոր զենքով, և միակ բանը, որ կարող են անել, ռուս խաղաղապահներին դիմելն է»,- ասում է նախկին դեսպանը՝ հավելելով, որ ԱՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ հնարավորինս կանխվեն տարածքների հանձնման նոր դրվագները, և բնակչությունը հնարավորինս անվտանգ լինի։

Ա․Մելիքյանը նաև կարծում է, որ նախկին իշխանությունները Նիկոլ Փաշինյանին հատուկ բերեցին խորհրդարան, որպեսզի հետագայում տարածք հանձնելու վերաբերյալ իրենց կողմից տրված խոստումները ստիպված լինի նա կատարել։

«Եվ կարելի է միայն ենթադրել, արդյոք նա իմանալո՞վ է դա ընդունել, եկել և հետագայում ստանձնել վարչապետի պաշտոնը, թե՞ տեղյակ չի եղել, որ դրա համար են իրեն բերում խորհրդարան»,- հարցնում է նա։

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, Ա․Մելիքյանը կանհրաժեշտ է համարում ազգային համախմբման նոր առանցքի ստեղծումը։ Նա նաև գտնում է, որ թե՛ իշխանությունը, թե՛ 17 կուսակցությունների միավորումը չէ այդ առանցքը՝ բացառելով նախկինների վերադարձը։

«Ո՞ւմ տան իշխանությունը, տան այն մարդկանց, որոնք երկիրը հետևողականորեն հասցրեցին այն եզրին, որից հետո Ն․Փաշինյանը գար իշխանության և տարածքնե՞ր հանձներ»,- հավելում է նա։

 ԱՀ նախկին արտգործնախարարը նաև անհրաժեշտ է համարում արտահերթ ընտրությունների անցկացումը և չեզոք, հարգանք վայելող վարչապետ ունենալը, որը չի հարի վերը նշված երկու ճամբարներին․

«Մի անգամ ասել եմ, որ այդ թեկնածուն կարող է լինել ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը, որը լավ հետագիծ ունի, իմ տպավորությամբ եղել է ազնիվ պաշտոնյա»։

 

Մանրամասները՝ տեսանյութում