Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Երկրում ծանր ահաբեկչության փորձ է եղել, պետք է տագնապ լիներ․ Նորիկ Նորիկյան (տեսանյութ)

Փաստաբան, «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության հիմնադիր անդամ Նորիկ Նորիկյանը համոզված է, որ 2018թ․ հեղափոխությունից հետո անգամ օլիգարխիան Հայաստանում չի վերացել։

«Ավելին, նրանք պահպանել են իրենց ռեսուրսները, նրանց գլխից մի մազ չի պակասել, և նրանք պատասխան չեն տվել նախորդ տարիների՝ իրենց արածների համար։ Նրանց գործունեությունը գործող իշխանությունների կողմից լեգիտիմացվել է և օլիգարխից դարձել են խոշոր սեփականատեր»,- հավելում է նա։

Փաստաբանը նաև կարծում է, որ բիզնես միջավայրը ոչ ամբողջությամբ է բերվել հարկային դաշտ, և ստվերը ամբողջությամբ չի վերացել։ Անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու Սահմանադրական դատարանի որոշմանը՝ Ն․Նորիկյանը հավելեց, թե չի ցանկանում ապացուցել արդեն ապացուցվածը, որ Գ․Ծառուկյանը խոշոր սեփականատեր է և զբաղվել է գործարարությամբ։

Փաստաբանն անդրադարձավ նաև երեկ ԱԺ նիստի օրակարգից հանված՝ Վճռաբեկ դատարանի նախագահի եւ դատավորի ընտրության հարցին ու ասաց, որ գործադիր և դատական իշխանությունների միջև տեղի է ունենում պատերազմ։

Իսկ ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպված մահափորձին, որի վերաբերյալ ԱԱԾ-ն գործ է հարուցել, և մահափորձը կազմակերպելու մեջ կասկածվող անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառվելու վերաբերյալ դատարանի որոշմանը, Ն․Նորիկյանը գտնում է, որ նախ պետք է պատասխան տան այն քննիչները, ովքեր այդպես թերի մեղադրանք են կառուցել։

«Հարգելի վարույթ իրականացնող մարմիններ, դուք պարտավոր եք ներկայացնել այնպիսի անխոցելի միջնորդություններ, որ դատարանին անելու բան չմնա։ Իսկ եթե դուք վստահ եք, որ երկրի ղեկավարի դեմ ակնհայտ մահափորձ կատարած անձին դատարանը բաց է թողել, այսինքն ակնհայտ ապօրինի ակտ է կատարել, ինչո՞ւ այդ դատավորի նկատմամբ քրեական վարույթ չեք իրականացրել։ Երկրում մահափորձ է կազմակերպվել պետական բարձրագույն իշխանության նկատմամբ, ամբողջ ապարատը չպետք է քներ։ Կարծեք, շարքային գողություն է եղել։ Եղբայր, երկրում պետք է տագնապ լիներ, սա ահաբեկչություն է, առանձնապես ծանր հանցագործությունների շարքին է դասվում։ Հիմա պետք է կամ դատախազության որոշ մարդիկ կալանավորվեին, քննիչներ աստիճանազրկված լինեին, կամ դատավորը պետք է կալանավորված լինեին»,- եզրափակում է փաստաբանը։

 

Մանրամասները՝  տեսանյութում