Ֆրանսիական ընկերությունը Արցախին փրկարարական ավտոմեքենաներ կնվիրաբերի
Աջակցիր «Ա1+»-ինՄինչև տարեվերջ ֆրանսիական ընկերությունն Արցախի փրկարար ծառայությանը կնվիրի ընդհանուր 6 ավտոմեքենա. 2 ցիստեռն, 1 կամազ և 3 հատ շտապ օգնության ավտոմեքենա՝ նախատեսված փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար: Այս մասին տեղեկանում ենք Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի և Ֆրանսիայի հանրապետությունում գործող «Celise care» հասարակական կազմակերպության տնօրեն Ժան Լուի Մեսսաժերի ու նրա օգնական Սիլվիա Մորետտիի և կազմակերպության հետ համագործակցող ֆրանսահայ Միքայել Խաչիկյանի այսօր կայացած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ առաջիկա օրերին ԱԻ ծառայողների ուղեկցությամբ վերջիններս շրջայց կատարեն Ստեփանակերտում և շրջաններում, տեղում տեսնեն պատերազմի թողած վնասները:
Հանդիպմանը Արցախի ԱԻ ծառայության տնօրենը շնորհակալություն է հայտնել կազմակերպության ղեկավար պարոն Մեսսաժերին ցուցաբերած աջակցության, հետպատերազմյան այս դժվար օրերին ծառայությանն օգնելու համար:
Կարեն Սարգսյանը նաև նշել է, որ Արցախի և Ֆրանսիայի տարիների բարեկամության հիմքում միշտ եղել է մարդասիրության խորհուրդը:
Ժան Լուի Մեսսաժերն իր հերթին նշել է, որ հաճելի է համագործակցել մի գերատեսչության հետ, որը հատկապես այս օրերին ամբողջ ներուժով լծված է բնակչությանն օգնելու գործին:
Նա նաև հետաքրքրվել է թե ինչի կարիք ու պակաս ունի հետպատերազմյան Արցախը, հնարավորության սահմաններում աջակցելու համար: