Բացել լրահոսը Փակել լրահոսը
download
A A
Քաղաքականություն

Իրանը խնդիր ունի կողմնորոշվելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ով է կանգնած դրա հետևում․ իրանագետ

Սպանված իրանցի ֆիզիկոսի մասին տեղեկությունները գաղտնազերծվել են ամենայն հավանականությամբ Ադրբեջանի տարածքով Իսրայել տեղափոխված գաղտնի փաստաթղթերի միջոցով.իրանագետ

«Ա1+»-ի զրուցակիցն է իրանագետ Ահարոն Վարդանյանը:

- Մի քանի օր առաջ սպանվել է իրանցի հայտնի ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն: Ո՞վ էր նա և ինչո՞ւ էր այդքան կարևոր մարդ Իրանի իշխանությունների համար:

-Սպանվել է հայտնի միջուկային ֆիզիկոս, իրանցի Մոհսեն Ֆախիզադեն, որն աշխատում էր Իրանի Իսլամական Հանրապետության Պաշտպանության նախարարության Զինված Ուժերի աջակցության նախարարությանը կից գործող Հետազոտությունների նորարարական իննովացիոն կազմակերպությունում: Հավանաբար հասկանալի է, թե դրա անվան տակ ինչ կարող ենք հասկանալ կամ ինչ է ընդհանրապես դրա անվան տակ գործում: Նա համարվում էր Իրանի միջուկային այդ ծրագրի հիմնական համակարգողներից մեկը և գիտական ոլորտում հենց նա էր այդ հարցով զբաղվում: Մինչև վերջերս նա գերգաղտնի անձնավորություն էր և հայտնի չէր լայն հասարակությանը̀ նույնիսկ Իրանում: Հետագայում, սակայն, ինչպես տեսանք, հավանաբար այն երկրների հատուկ ծառայությունները, որոնք հետաքրքրված էին Իրանի միջուկային ծրագրով,  տեղյակ էին այդ անձնավորության մասին: Վերջերս էլ Ֆախիզադեի գաղտնիությունը որոշակի չափով բացահայտվեց և փաստորեն տեղի ունեցավ նրա սպանությունը:

-Իրանի իշխանությունները ո՞ւմ են մեղադրում այս սպանությունն իրագործելու մեջ:

-Իրանական կողմից հիմնականում մեղադրանքների ալիքները ուղղված են դեպի Իսրայել, այդ մասին  բարձրաձայնել է ինչպես Արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆն իր թվիթերյան գրառումով և հայտարարություններով, այնպես էլ երկրի նախագահը, Հասան Ռուհանին: Բացի դրանից, ռազմական թևի տարատեսակ ներկայացուցիչներ̀ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարը, Պաշտպանության նախարարությունը և այլն, բոլորը միակարծիք են և նշում են, որ սա Իսրայելի ձեռքի գործն է:Իրանցի ֆիզիկոսի սպանության օրը̀ արդեն կեսգիշերն անց, գումարվել էր ԻԻՀ Ազգային Անվտանգության Բարձրագույն խորհրդի նիստ̀ ընդլայնված կազմով և հիմնականում բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ: Իհարկե, չէր նշվում,թե ովքեր են նրանք, բայց արդեն պարզ էր, թե ովքեր պետք է ներկա լինեին այդ նիստին:

-Մինչ Ֆախիզադեի սպանությունը, միջուկային հետազոտությունների հետ կապված հայտարարություններ հնչե՞լ են իրանական կողմից:

-Այստեղ հետաքրքիրն այն է, որ մինչ Մոհսեն Ֆախիզադեի սպանությունը որոշ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել: Դրանցից է մասնավորապես Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադիի հայտարարությունը, որը նշեց, որ Իրանը Նաթանզիի միջուկային օբյեկտում մի նոր փուլ է սկսել, երբ ուրանի ճեղքումը նոր մակարդակի է բարձրացել: Նա ասել էր, որ հաջորդ քայլը վերջնական փուլն է̀ իհարկե առանց նշելու,թե ինչ է նշանակում այդ վերջնական փուլը: Արդյոք դա ենթադրում է միջուկային զենքի ստեղծում,թե ինչպես Իրանում են նշում̀ այս ծրագիրն ամբողջությամբ միտված է գիտական գործունեությանը և փորձում են դա օգտագործել զուտ գիտության և առողջության մեջ̀  ասել չեմ կարող:Այս հայտարարությանը հետևեց Արտաքին գործերի նախարարության մեղադրանքը, երբ Շվեդիայի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում Զարիֆը մեղադրանքներ էր հնչեցրել հիմնականում Միջուկային համաձայնագրում առկա եվրոպական կողմին, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները և քննադատելով այդ անգործությունը: Նա նշել էր, որ հետագա որոշ գործողությունների պատասխանատվությունը ընկնում է նրանց վրա և նրանք են պատասխանատու լինելու,քանի որ Իրանը կատարելու են հաջորդ քայլերը: Այս հայտարարություններից մեկ-երկու օր անց, փաստորեն, տեղի ունեցավ այդ գիտնականի սպանությունը, որի մեջ մեղադրում են Իսրայելի հատուկ ծառայություններին:

-Իրանական կողմն ինչո՞ւ է հենց Իսրայելին մեղադրում ֆիզիկոսի սպանության մեջ, որևէ նախադրյալ դրա համար կա՞:

-Այստեղ մեղադրելու նաև մեկ այլ հիմք կա, նշվում է, որ այս անձի մասին Իսրայելի հատուկ ծառայություններն իմացել են այն ժամանակ, երբ մեկ-երկու տարի առաջ Իրանից տեղի ունեցավ բավական մեծ փաստաթղթերի արտահոսք̀ միջուկային ծրագրի հետ կապված: Այդ մասին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Նեթանյահուն էլ հայտարարեց̀ մի քանի տոննա փաստաթղթերը բեռնատար մեքենայով Իրանից տեղափոխել էին: Այստեղ ինչն էր հետաքրքիր,որ տեղափոխումը տեղի էր ունեցել Ադրբեջանի միջոցով: Այսինքն,տարել էին Ադրբեջան̀ այնտեղից էլ Իսրայել: Դա շատ կարևոր է և այդ փաստաթղթերում եղել է Ֆախիզադեի մասին ինֆորմացիան, թե ո՞վ է այդ անձը, ինչո՞վ է զբաղվում:Սրա մասին տեղյակ են եղել Իսրայելի հատուկ ծառայությունները̀ փաստաթղթերի արտահոսքից հետո̀ դա հստակ է և նույնիսկ իրանյան տելեգրամյան ալիքներում նմանատիպ վերլուծական կարծիքներ են պտտվում:

-Ձեր կարծիքով՝ Իրանը ի՞նչ քայլերի կդիմի:

-Իրանը կարող է տարատեսակ, համաչափ և անհամաչափ քայլեր կատարել այս ուղղությամբ:Դրանք կարող են լինել ինչպես կարճաժամկետ, միջնաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ կտրվածքով: Իրանի առանձնահատկությունն այն է, որ Իրանում ինչ-որ գործողություններ ծրագրելուց, քայլեր անելուց չեն շտապում և դանդաղ շտապել սկզբունքն են կիրառում: Բայց որ Իրանը պատասխան կտա,  դա միանշանակ է և կարող է պատասխանը լինել շատ ցավոտ և էլ ավելի անհամարժեք: Պարզապես մեկ այլ բան է հայտարարությունները,թե ովքեր են այդ սպանության հետևում կանգնած և մեկ այլ բան են փաստերը: Բնականաբար, Իրանը նաև խնդիր ունի կողմնորոշվելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ով է կանգնած սպանության հետևում, և ոչ թե հռետորաբանական մակարդակում լուծել այդ խնդիրը: