Արայիկ Հարությունյանի հրամանը՝ բողոքի առիթ
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջում անհամաձայնություններ են՝ կապված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի փոփոխության հետ։
Այս ուսումնական տարին քոլեջն իր գործունությունը մեկնարկել է՝ միավորելով նույն շենքում գործող երկու առանձին՝ «Երևանի մշակույթի պետական քոլեջ»-ը և «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ»-ը։ Միաձուլման հրամանը ստորագրվել էր դեռ ապրիլ ամսին։
Նախքան տնօրենի ընտրությունը ԺՊ էր նշանակվել նախկինում առանձին գործող Մշակույթի պետական քոլեջի փոխտնօրեն Աննա Կիրակոսյանը, ում պաշտոնավարումը նախատեսվում էր մինչև նոյեմբերի 23-ը։
ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանն իր պաշտոնավարման վերջին օրերին ստորագրել է հրաման՝ ըստ որի ԺՊ է նշանակվել Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի դասախոս, վոկալիստ Արամ Սարգսյանը։
«Ա1+»-ի հետ զրույցում Աննա Կիրակոսյանն ասաց․ «Ես անձամբ և աշխատակազմի մեծ մասը դեմ է, որ պաշտոնավարումը շարունակի Արամ Սարգսյանը։ Ես ահռելի գործ եմ արել և չեմ պատրաստվում հանձնել այն մեկ ուրիշին։ Նախապես պլանավորված միտում եմ տեսնում․ ինչո՞ւ պիտի հանկարծ այս իրավիճակում փոփոխություն արվեր։ Սա խայտառակություն է և մենք սպասում ենք նախարարության արձագանքին՝ փոփոխությունը անվավեր ճանաչելուն»։
Արամ Սարգսյանն էլ ասում է, որ Աննա Կիրակոսյանի պաշտոնավարումը ավարտվել է սահմանված ժամկետով․ «Վերջացել է Կիրակոսյանի պաշտոնավարումը, հիմա նախարարության հրամանով ես պիտի շարունակեմ, էլ ի՞նչ նախապես պլանավորվածության մասին է խոսքը։ Նա ապօրինի կերպով չի ազատում տնօրենի աշխատասենյակը և չի հանձնում ինձ»։
Արամ Սարգսյանը նշում է, որ աշխատակազմի մի մասը իրեն չի ճանաչում, ուստի անհիմն են իր դեմ բողոքները։
Թեև քոլեջից հերքեցին, սակայն ուսանողներից փաստում են, որ այս վիճակը հանգեցնում է դասապրոցեսի խանգարման։
«Մասնագիտական առարկա ունեինք, որը հեռավար չենք անում, երեկ հասել եմ քոլեջ, առանց հիմնավորման ասել են՝ չենք անելու դաս»-ասում է երկրորդ կուսրի ուսանողներից Քրիստինե Հովսեփյանը։
«Ներկա պահին ուսումնական պրոցեսը ենթարկվում է ցնցումների, դասերն ընդհատվում են մասամբ, անկազմակերպ և անպատասխանատու մոտեցում է»,-ասում է 4-րդ կուրսի ռեժիսուրա բաժնի ուսանող Մելինե Ապիկյանը։
Նույն կուրսի ուսանող Կարեն Կոլոսովն էլ ասում է․ «Նախկին երկու քոլեջների միավորումից հետո էական ոչ մի փոփոխություն չի եղել, բայց քոլեջում սխալ ներկայացնում են, թե ուսանողությունը գոհ էր էս ամիսներին»։
Ուսանողները պատրաստվում են նամակով դիմել ԿԳՄՍ նախարարություն խնդրանքով, որ տնօրենի պաշտոնակատարի ընտրության հարցին լուծում տալ այնպես, որ իրենց դասապրոցեսը դրանից չտուժի։