Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ցավալի պարտությունից հետո պետք է հետևություն անի նաև լրագրողական համայնքը. Աշոտ Մելիքյան (տեսանյութ)

ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումները պետք է արվեին գրագետ և ողջամիտ ձևով , մինչդեռ դրանք պատերազմի ողջ ընթացքում ունեցան ֆորմալ բնույթ, չարգելափակվեցին շատ կոնկրետ այն տեղեկությունները, որոնք վնասում էին երկրի անվտանգության շահերին: «Մեդիա կենտրոնում»  հրավիրված քննարկմանն ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը․ «Օրինակ՝ բազմաթիվ օգտատերեր տարածեցին պետական գաղտնիք պարունակող, բանակի գործերին վնասող տեղեկություններ, և դրանք չարգելափակվեցին, իսկ դրա համար կային հնարավորություններ»։

Հարցին, թե որքանով է կառավարությունը պատրաստ գնալ ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակման գրագետ մոտեցմանը, Մելիքյանը նշում է՝ հետհեղափոխական շրջանի առաջին ժամանակահատվածում կար համագործակցելու պատրաստակամություն, հետագայում նրանք որոշեցին, որ միայնակ կարող են լուծել այդ հարցերը․ «Իշխանությունը պահի տակ որոշեց էմոցիոնալ բնույթի ոչ մինչև վերջ մտածված ու վերլուծված սահմանափակումներ մտցնել, դրսևորեց խորհրդակցել չցանկանալու հատկանիշներ»։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը  նշում է՝  պետական քարոզչությունը չպետք է պարունակեր ակնհայտ կեղծիքներ, պետք է մշակվեր պետական  և լրատվամիջոցների քաղաքականություն։

Ըստ նրա՝  պատերազմական օրերին պաշտոնական տեղեկատվությունը, մեղմ ասած, չէր համապատասխանում իրականությանը։ Մինչդեռ մինչեւ վերջին մի քանի օրերը հասարակությունը մեծ վստահություն ուներ դրանց նկատմամբ։ Ակնհայտ անհաջողությունները երբ սկսվեցին, պետքարոզչությունը իրականացվեց վարդագույն գույներով, հասարակության մեծ մասն էլ սկսեց ավելի ուշադրություն դարձնել այլ տեղեկությունների։

«Մարդիկ ուզում էին ստանալ այլ տեղեկություններ և ստանում էին։ Նրանք հանգիստ զանգում էին առաջնագիծ՝ իմանում ինչ է կատարվում․ սրանից հետո խոսել այլ տեղեկությունների բացակայության մասին՝ անիմաստ է»,- նշում է նա։

Նման դեպքերում ի՞նչ պետք է աներ լրատվամիջոցը։ Կառչե՞ր պաշտոնականից, թե՞ ինֆորմացիան հասցներ այլ տարբերակով, Աշոտ Մելիքյանն ասում է ՝ եթե լրագրողներն իրենց աղբյուրներով այնքան համոզված լինեին, որ տեղյակ են էթիկական բոլոր նորմերից, գաղտնիքների այն ցանկից, որոնք հրապարակման ենթակա չեն  կամ իմանային բոլոր այն պահանջները, որոնք պաշտոնական գերատեսչությունն ասում է դիրքերի վերաբերյալ, եւ  միգուցե ալտերնատիվ աղբյուրներից ձեռք բերեին ինֆորմացիա և հասարակությանը տրամադրեին դա։ 

«Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ երկարատև խաղաղությունը այդքան էլ երաշխավորված չէ։ Ցավալի պարտությունից հետո պետք է հետևություն անի նաև լրագրողական համայնքը, քննարկի կոնֆլիկտների լուսաբանման մեթոդները»- հավելում է Մելիքյանը։

Բանախոսների հավաստմամբ՝ հետպատերազմական իրավիճակում  շատ գործեր կան։ Առաջարկվում է կազմակերպել համալիր հետաքննություն՝ «ինչպես սկսվեց պատերազմը, ինչպես ընթացավ,և ինչպես վերջացավ պատերազմը» թեմաներով, ինչպես նաև սահմանափակումների կիրառման հարցը լուծել մասնագիտացված մարմինների կողմից, որոնք կկարողանան տարբերակել իրականում վտանգ ներկայացնող տեղեկությունները։