Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում (տեսանյութ)

Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում՝ սահմանի տվյալ ուղղությամբ առկա մարատավարական իրադրությանը, ըստ կատարված բնագծերի փոփոխության` զորքի վերախմբավորման, տեղափոխման և վերաբաշխման աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել և քարտեզի վրա մանրամասն ներկայացրել է այն փոփոխությունները, որոնք փուլային տարբերակով տեղի են ունենալու նախքան պատերազմը զբաղեցրած բնագծերում, ինչպես նաև բոլոր այն հիմնական միջոցառումները, որոնք ապահովելու են պետական սահմանի անձեռնմխելիությունն ու անառիկությունը:
 
Զորամիավորման հրամանատարն անդրադարձ է կատարել նաև մարտական գործողություններից վերադարձած անձնակազմի թիկունքային ապահովման և հանգստի կազմակերպման խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող մեծածավալ աշխատանքներին, որոնք լայն թափով ընթանում են այս պահին։
 
Զորամասի շարահրապարակում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել և զրուցել է մարտական հերթափոխից վերադարձած սպաների և զինվորների հետ, որոնք մասնակցել են արցախյան պատերազմին։ Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել նրանց առաջնագծի՝ իրենց վստահված հատվածը անսասան պահելու, անձնուրաց ծառայության ու գործած հերոսական սխրանքների համար, վստահեցնելով, որ յուրաքանչյուրի ծառայությունը գնահատվելու է ըստ արժանվույն, և որ հայ ժողովրդին պարտադրված հայրենական այս դաժան պատերազմում մեր բանակի ամեն մի մարտիկ գործել է արիաբար ու առանց երկնչելու, գերազանց կատարել առաջադրված մարտական խնդիրները՝ կյանքի գնով անգամ պաշտպանելով Հայրենիքը:
 
ՀՀ պաշտպանության նախարարը հետաքրքրվել է առաջնագծի ամենաթեժ ուղղություններում կռված և այս պահին մշտական տեղակայման վայր վերադարձած զինծառայողներին հուզող խնդիրներով, նրանց մարտական ու բարոյահոգեբանական վիճակով և հերոսական այն բազմաթիվ դրվագներով, որոնք իրականություն են դարձել մեր բանակի հրետանավորների, տանկիստների, հետախույզների, հակատանկային և մյուս բոլոր ստորաբաժանումների գրագետ գործողությունների շնորհիվ։ Հատնանշական է, որ ռազմաճակատում իրենց ղեկավարման հմտություններով փայլել են նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչ հրամանատարները։
 
Նախարարը հանդիպել է նաև զորամասի մուտքի մոտ հավաքված ծնողներին, որոնք եկել էին տեսակցելու մարտերից վերադարձած իրենց հերոս զավակներին: Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայրենասեր զավակներ, հայրենիքի նվիրյալ պաշտպաններ ծնելու և դաստիարակելու համար և պատասխանել նրանց հուզող հարցերին: Անդրադառնալով մարտական հերթափոխից վերադարձած ժամկետայիններին արձակուրդներ տալու հարցին` նախարարը զինվորների ծնողներին վստահեցրել է, որ դեկտեմբերի 1-ից սկսած անձնակազմի վերադասավորման աշխատանքները ավարտելուն պես, զորամասերի հրամանատարները արագ և համակարգված ձևով կզբաղվեն զինվորների արձակուրդների պատշաճ կազմակերպման խնդիրների լուծմամբ:
 
Հաջորդիվ ՀՀ պաշտպանության նախարարը եղել է ԶՈւ ՀՕՊ զորամասերից մեկում, որտեղ ևս նախարարին զեկուցվել է պատերազմի ընթացքում այս ստորաբաժանման զինծառայողների գործողությունների և հակառակորդին պատճառված կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստների նշանակալի մասշտաբների մասին, հավաստիացնելով, որ անձնակազմն արել է առավելագույնը՝ մեր երկրի օդային դարպասներն անառիկ պահելու համար։