Նույնիսկ ամենաբարդ հատվածներից ողջ զինվորներ ենք գտել․ Վիտալի Ոսկանյան․ ՊՆ ներկայացուցիչ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյն զինվորների, քաղաքացիական անձանց վերաբերյալ, որոնց մասին տվյալներ ունենք, անձնական գործեր ենք ստեղծում, բոլոր ծնողները նշում են՝ որտեղ է դեպքը տեղի ունեցել, ինչ հեռախոս է եղել զինվորի կամ սպայի մոտ, պատրաստում ենք բազա, -այս մասին լրագրողներին ասաց Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինառայողների, այլ անձանց հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանը: Նա, սակայն, այս պահին բազայում առկա տվյալներ չնշեց՝ շեշտելով, որ գործընթացը շարունակվում է: ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ ողջ գտնված զինծառայողներ կան նույնիսկ ամենաբարդ հատվածներում.
«Հնարավոր է՝ միջանկյալ հատվածներում, հակառակորդի տարածքներում լինեն ողջ մնացած զինվորներ, սպաներ, քաղաքացիական անձինք: Ձեռք է բերվել պայմանավորվածություն խաղաղապահ զորքերի հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել կատարել խնդիրները: Այս պահին գործողություններն ընթացքի մեջ են։ Մենք պարբերաբար տվյալներ ենք ուղարկում և ստանում ենք ցուցանիշներ»:
Վիտալի Ոսկանյանը նշեց նաև՝ այս պահին չեն կարող մտնել տարածքներ, որոնք հայկական կողմին հասանելի չեն՝ Ֆիզուլի, Ջաբրայիլ, Կուբաթլու, բայց քննարկվում է այդ տարածքներ մտնելու հնարավորություն ստանալու հարցը․
«Հադրութի հատվածները միջանկյալ են, խոստացել են՝ միջանկյալ հատվածներ, գուցե, կարողանանք մտնել: Կան տեղեկություններ, որ հնարավոր է՝ անտառներում ողջ անձինք լինեն: Նույնիսկ անհավանական տարբերակների ուղղությամբ ենք աշխատում, նաև այն դեպքում, երբ ասում են՝ մեկն ասել է, որ այսինչ տեղում, նկուղում մարդ կա»:
Ինչ վերաբերում է պատերազմից հետո գերեվարված քաղաքացիական անձնանց մասին լուրերին, Ոսկանյանն ասաց՝ տեղեկություններ ունեն հաստատված։ Գերեվարվածների թվի մասին հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ տարբեր տվյալներ են գալիս, հստակ թիվ նշել չի կարող․
«Նոր տեսաերիզ է եկել, որ պետք է հասկանանք՝ իսկությունը հաստատվո՞ւմ է, թե՞ չէ: Օրինակ՝ տեսանյութ է ուղարկվել, որտեղ անձի նկատմամբ դաժանություն է ցուցաբերվում, բայց հավանական է, որ տվյալ անձը հայ չէ»: